Հայաստան–Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառում Աթենքում

Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը և Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը համատեղ կազմակերպել էին Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին Հունաստանի կառավարության, խորհրդարանի ներկայացուցիչներ, հոգևորականներ, լրագրողներ:

Միջոցառման համակարգող, հայտնի լրագրող պարոն Կոստաս Պլիակոսն ընթերցեց Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ողջույնի ուղերձը, որին հաջորդեց հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների մասին պատմող տեսահոլովակի ցուցադրումը։ Կոստաս Պլիակոսը, կարևորելով դիվանագիտության դերը հատկապես ներկայիս համաշխարհային անվտանգության մարտահրավերների համատեքստում, ընդգծեց Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Հունաստանի և Եվրամիության հնարավորություններն ու պատրաստակամությունը։

Բոլոր ելույթ ունեցողները խստորեն դատապարտեցին ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, հայ ժողովրդի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան՝ կոչ անելով միջազգային հանրությանը, հատկապես ԵՄ-ին՝ հստակ դիրքորոշում որդեգրելու և գործնական քայլեր ձեռնարկելու, ադրբեջանական ագրեսիան դատապարտելու ուղղությամբ:
Միաժամանակ բանախոսներն ընդգծեցին Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության է՛լ ավելի ընդլայնելու և խորացնելու կարևորությունը`
շեշտը դնելով քաղաքական, ռազմական, մշակութային, կրթական և տնտեսական
ոլորտների վրա:









