ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին, ինչպես նաև աշխարհի շատ այլ պետական այրեր, լուրջ չեն ընդունել Վաշինգտոնի նախազգուշացումները Ուկրաինա ռուսական ներխուժման անխուսափելիության մասին, հայտնում է BBC-ին։
«Ես գիտեմ, շատերը կարծում էին, որ ես չափազանցնում եմ: Բայց ես հաստատ գիտեի, մենք ունեինք բոլոր տվյալները, որոնք հաստատում էին, որ Պուտինը պատրաստվում է հատել սահմանը: Դրանում կասկած չկար: Իսկ Զելենսկին չէր ուզում լսել այդ մասին, ինչպես և շատ ուրիշներ»:
Արևմտյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները Ուկրաինայի սահմաններին ռուսական զորքերի կենտրոնացման մասին սկսել են զեկուցել 2021 թվականի աշնանից։ Աստիճանաբար նրանց զգուշացումները ագրեսիայի հնարավորության մասին ավելի ու ավելի որոշակի էին դառնում։ Հունվարի վերջին ԱՄՆ նախագահը մի քանի անգամ հեռախոսազրույցներում Զելենսկուն ասել է, որ իրադարձությունների նման զարգացումը միանգամայն իրական է։
Մինչդեռ Զելենսկին կոչ է արել խուճապ չառաջացնել և ընդգծել է, որ Կիևը «լրջորեն պատրաստվում է տարբեր սցենարներին»։
Մի քանի ուկրաինացի պաշտոնյաներ արդեն արձագանքել են Բայդենի այն պնդումներին, թե Զելենսկին ուշադրություն չի դարձրել պատերազմի մասին ամերիկյան նախազգուշացումներին։
Զելենսկու խոսնակ Սերգեյ Նիկիֆորովն ասել է. «Եթե հիշում եք, Ուկրաինայի նախագահը կոչ արեց գործընկերներին ներկայացնել կանխարգելիչ պատժամիջոցների փաթեթ, որպեսզի ստիպեն Ռուսաստանին զորքը դուրս բերել և դեէսկալացնել իրավիճակը: Եվ այստեղ արդեն կարելի է ասել, որ մեր գործընկերները «չցանկացան լսել մեզ»։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակն էլ խոստովանել է, որ ոչ ոք չի պատկերացրել Ռուսաստանի ներխուժման ծավալը: Ըստ պաշտոնյայի, Ուկրաինայի ողջ տարածքի հրետակոծության ինտենսիվությունը հնարավոր չէր կանխատեսել։










