ԼԼիլիթ Ասատրյան

Երկաթյա կամք ու մանանեխի հատիկի չափ հավատ է հարկավոր առկա մարտահրավերները հաղթահարելու համար. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Երկաթյա կամք ու մանանեխի հատիկի չափ հավատ է հարկավոր առկա մարտահրավերները հաղթահարելու համար. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հրապարակել Հանրապետության տոնի առթիվ: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ժողովուրդ.

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առիթով:

Այսօր մենք տոնում ենք մեր պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Առաջին հանրապետության հիմնադրման օրը:

Ինչո՞ւ է այս օրն այդքան կարևոր մեզ համար: Երեք պատճառով.

Առաջինը՝ որովհետև մենք ավելի քան 500 տարվա ընդմիջումից հետո ունեցանք պետականություն:

Երկրորդ պատճառն այն է, որ առաջին անգամ ունեցանք Հանրապետություն, այսինքն՝ մի պետական կարգ, որտեղ իշխանությունը ձևավորվում է ժողովրդի կատարած ընտրության արդյունքում:

Երրորդ պատճառն այն է, որ Հանրապետությունը, պետությունը, որը ցանկացած ժողովրդի կազմակերպման բարձրագույն ինստիտուտ է, մենք կարողացանք ստեղծել հուսահատության պահին, երբ Հայոց ցեղասպանության մահաբեր անիվը շարունակում էր պտտվել:

Հայաստանի Առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո:

Դա այն ժամանակաշրջանն էր, երբ թվում էր՝ վերջ, այլևս հնարավոր չէ ոչ միայն ունենալ պետականություն, այլև պահպանել ինքնությունը, լեզուն և մշակույթը:

Սակայն մեր ժողովուրդը կարողացավ օրհասական պահին գործել որպես մեկ բռունցք՝ ուժերի համախմբմամբ, միասնականությամբ կերտել Առաջին հանրապետությունը: Այդ գործում անուրանալի է Արամ Մանուկյանի, Թովմաս Նազարբեկյանի, Մովսես Սիլիկյանի, Դրոյի, Նժդեհի, Դանիել ու Պողոս Բեկ-Փիրումյանների, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղայի, զենքը ձեռքին կռվող հոգևորականների դերը:

Մեր այս մեծերի և հազարավոր ուրիշ հայրենակիցների ջանքերով ձեռք բերված սրբազան անկախությունն ընդամենը երկուսուկես տարի անց կորսվեց: Սրան նախորդեցին պատերազմը, տարածքային ու մարդկային ողբերգական կորուստներ:

Սա տեղի ունեցավ այն պատճառով, որ երկու տարվա ընթացքում Հայաստանի Առաջին հանրապետությունը չկարողացավ, չհասցրեց քաղաքական, միջազգային, տարածաշրջանային ինստիտուցիոնալ դիմակայություն ձեռք բերել, իր շուրջը խաղաղություն հաստատել:

Այսօր էլ մեր երկիրը կանգնած է նմանատիպ մարտահրավերների առաջ, ու մեզ մտքի բացառիկ ճկունություն, երկաթյա կամք ու մանանեխի հատիկի չափ հավատ է հարկավոր այդ մարտահրավերները հաղթահարելու համար: Առաջին հանրապետության հիմնադիր հայրերը ժամանակ էլ չունեցան նորածին պետությունը գլոբալ մարտահրավերների առաջ դիմակայուն դարձնելու համար: Երրորդ հանրապետությունում մենք ցավալիորեն շատ ժամանակ ենք վատնել:

Բայց Սարդարապատի հերոսները, Առաջին հանրապետության հիմնադիր հայրերը մեզ ոգեշնչում են շարունակաբար: Ու պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը մեր ազգային ինքնագիտակցության անբաժանելի մաս է այլևս:

Պետությունը, պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, գորովանքի, պատկառանքի առարկան դառնա, և խաղաղությունը պիտի դառնա այն միջավայրը, որի պայմաններում մենք Առաջին հանրապետության հիմնադիր հայրերից ստացած պետականությունը պիտի դարերով փոխանցենք մեր սերունդներին:

Շնորհավոր Մայիսի 28: Շնորհավոր Հայոց պետականության վերածննդի օրը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում