ՄՄարիամ Մխիթարյան

Բալթյան երկրները կողմ են, իսկ Թուրքիան՝ դեմ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը

Բալթյան երկրները կողմ են, իսկ Թուրքիան՝ դեմ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը

Շվեդիան և Ֆինլանդիան վստահեցնում են, որ իրենց անդամակցությունը Հյուսատլանտյան դաշինքին կկայունացնի իրադրությունը Հյուսիսային Եվրոպայում։ Այդ պետությունների՝ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելը պաշտպանում են Մերձբալթյան հանրապետությունները։

Լատվիան, Լիտվան և Էստոնիան կձգտեն «որքան հնարավոր է շուտ» վավերացնել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը, ինչը կամրապնդի նրանց անվտանգությունն ու ցանկացած հարձակումը հետ մղելու կարողությունը: Այդ մասին Բալթյան երկրների արտգործնախարարները հայտնել են Financial Times թերթին։

«Բալթիկ ծովը դառնում է ՆԱՏՕ-ի ծով»,- ասել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը։ «Սա շատ հստակ ուղերձ է, որ Եվրոպայի հյուսիսային հատվածը դաշինքի տարածքն է»,- ասել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։

Իտալացի դիվանագետ Ջուզեպպե Կասինին, սակայն, որը տարբեր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, աշխատել է որպես խորհրդական, ՆԱՏՕ-ի ընդլայնումը՝ ներառելով Ֆինլանդիան և Շվեդիան, ռիսկային է համարում Ուկրաինայում խաղաղ բանակցությունների համար։ Il Fatto Quotidiano թերթում հրապարակված հարցազրույցում նա ասել է, որ «չի տեսնում ռազմական պատճառներ, որոնք կարող են արդարացնել այդ երկրների ընդունումը»:

ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գաղափարին դեմ է արտահայտվել նաև Էրդողանը։ Նա պատճառաբանել է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամները «ակտիվ են սկանդինավյան այս երկրներում»:

Որպեսզի երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին, անհրաժեշտ է այս դաշինքի անդամ բոլոր երկրների համաձայնությունը։

Ռուսաստանը, այնուամենայնիվ, համոզված է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է հանգեցնել լարվածության աճի Եվրոպայում և մեծացնել Ռուսաստանի ու Արևմուտքի միջև առկա առճակատման ռիսկերը։ Այս հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել երկրի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում