Մերձդնեստրում հաստատել են ահաբեկչական երեք հարձակումների փաստը

Մերձդնեստրում հաստատել են ահաբեկչական երեք հարձակումների փաստը

Մերձդնեստրի անվտանգության խորհուրդը հաստատել է, որ երկուշաբթի և երեքշաբթի չճանաչված հանրապետության տարածքում ահաբեկչական երեք հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել են Տիրասպոլում պետանվտանգության նախարարության շենքը, Փարքանի գյուղի շրջանում գտնվող զորամասն ու Մայակ գյուղի մոտակայքի հեռուստաաշտարակները։ Ահաբեկչական հարձակումներից հետո չեղյալ են հայտարարվել մայիսի 9-ին նախատեսված զորահանդեսը, այլ միջոցառումներ:

Մերձդնեստրի ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին հայտարարել է, որ չճանաչված հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ կատարած հանցագործների հետքերը տանում են Ուկրաինա:

«Ես ենթադրում եմ, որ նրանք, ովքեր կազմակերպել են այդ հարձակումը, նպատակ ունեն Մերձդնեստրին ներքաշել հակամարտության մեջ»,- նշել է Կրասնոսելսկին:

Նա Կիևին կոչ է արել՝ հետաքննելու այս կամ այն մարտական խմբերի հնարավոր տեղափոխումը Մերձդնեստրի տարածք և նրանց կողմից ահաբեկչական գործողություններ կատարելու մասին տվյալները:

Քիշնևում այլ կարծիք են հայտնել: Մոլդովայի իշխանությունների պնդմամբ՝ Մերձդնեստրում ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը կրում են ներքաղաքական ուժեը:

Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նախագահ Մայա Սանդուն նշել է. «Տարածաշրջանի ներսում տարբեր ուժերի միջև հարաբերությունները լարված են, դրանք շահագրգռված են իրավիճակի ապակայունացմամբ։ Այդ հանգամանքը խոցելի է դարձնում Մերձդնեստրը և ռիսկեր է ստեղծում Մոլդովայի Հանրապետության համար։ Մենք դատապարտում ենք բոլոր սադրանքներն ու Մոլդովային նման գործողությունների մեջ ներքաշելու փորձերը»:

Նրա խոսքով՝ Քիշնևը հանդես է գալիս Մերձդնեստրի հարցի խաղաղ կարգավորման օգտին՝ Մոլդովայի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման հիման վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում