ԼԼիլիթ Ասատրյան

Խոսակցությունը պետք է դառնա երկխոսություն. Փաշինյանը՝ ՀՀ-ի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մասին

Խոսակցությունը պետք է դառնա երկխոսություն. Փաշինյանը՝ ՀՀ-ի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մասին

Կառավարության ծրագրի 2021 թ. կատարողականի զեկույցի քննարկման ներկայացմանը հաջորդող հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը մտահոգություն հայտնեց, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններով և ԼՂ հիմնախնդրով՝ չնայած այն փաստին, որ հայկական կողմի դիրքորոշումն է՝ պետք է լինի առանց նախապայմանների կարգավորում:

Պատգամավորը Փաշինյանից հետաքրքրվեց, թե որն է գործընթացի արդյունավետության մասին վարչապետի գնահատականը և մեր կողմից ինչ կարելի է անել, որ գործընթացն առավել արագ ընթանա և արդյունքներն ավելի շոշափելի լինեն:

«Այո՛, հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են, որ գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, և մենք այդպես էլ ընկալում ենք, և մենք պրոցեսը շարունակում ենք այդ տրամաբանությամբ, և մենք նաև, իհարկե, միջազգային մեր գործընկերների հետ քննարկումներում ասում ենք, որ տպավորություն ունենք, թե գործընթացը կարող է և արագ արդյունքներ չունենալ, բայց եթե գործընթացը արագ արդյունքներ չունենա, շատ մեծ է հավանականությունը, որ այդ գործընթացը կլճանա, և մենք մեր կողմից պետք է ամեն ինչ անենք, որ դա տեղի չունենա, և կարողանանք փոքր քայլերով առաջ շարժվել: Հասկանում ենք բոլոր խութերը, հասկանում ենք բոլոր ռիսկերը, և միևնույն  ժամանակ այդ տրամաբանությամբ կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակվի, և խոսակցությունը պետք է դառնա երկխոսություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է միջազգային գործընկերների աջակցությանը գործընթացին, ապա Փաշինյանի խոսքով գործնականում որևէ դիմադրություն գործընթացի նկատմամբ չկա:

«Մենք տեսնում ենք լիարժեք աջակցության ցանկություն մեր միջազգային գործընկերների կողմից: Այլ բան է, որ պետք է շատ զգույշ լինել աջակցության գործիքների ձևերի, չափերի մեջ, որովհետև խոսքը երկկողմ հարաբերությունների մասին է, և պետք է այս տրամաբանությամբ առաջնորդվել, բայց, իհարկե, այդ հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն միջզգային համատեքստի և տարածաշրջանի համատեքստի համար: Այնպես որ մենք, երկկողմ մակարդակով խոսակցություններ տանելով, պետք է օգտվենք միջազգային աջակցությունից»,- ասաց վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում