«Ոսկե ծիրանը» ճշմարիտ արվեստի, խաղաղասիրության ու մարդասիրության գաղափարների կրողը և մունետիկն է

«Ոսկե ծիրանը» ճշմարիտ արվեստի, խաղաղասիրության ու մարդասիրության գաղափարների կրողը և մունետիկն է

Նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ: Փառատոնի մասնակիցները հանրապետության նախագահի հետ զրուցել են «Ոսկե ծիրան»-ի անցած ուղու, ձեռքբերումների, այս տարվա մրցութային ծրագրերի մասին: «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնին հղած ուղերձով նախագահը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ հետևողականությամբ և նվիրվածությամբ ամեն տարի սպասված տոն արարելու համար: 

«Հայկական ամենահեղինակավոր այս կինոփառատոնը ոչ միայն հաճելի պահեր է պարգևում մեր հանդիսատեսներին, այլև կարևոր ուսուցողական նշանակություն ունի երիտասարդ արվեստագետների համար՝ գեղագիտական և աշխարհայացքային աճի տեսանկյունից: Այս փառատոնը նաև կոչված է ստեղծելու համապատասխան հոգևոր-մշակութային միջավայր և մթնոլորտ, առանց որոնց դժվար է պատկերացնել ստեղծագործական թռիչքներ: Գոհունակությամբ ենք արձանագրում «Ոսկե ծիրան»-ի հավատարմությունը հայկական կինոյի պատմությանը և ավանդույթներին: Մեր դասական ժառանգությունը և ժամանակակից գործերը կարիք ունեն հանրահռչակման: Հայկական կինոարվեստը մենք մշտապես պետք է քննենք և դիտարկենք համաշխարհային և միջազգային համատեքստում: «Ոսկե ծիրանը» դարձել է բարձր ճաշակի, ճշմարիտ արվեստի, ինչպես նաև խաղաղասիրության ու մարդասիրության գաղափարների կրող և մունետիկ»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում