ՄՄարի Կոստանյան

ՀՀ վարչապետը՝ հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական դրական արդյունքի մասին

ՀՀ վարչապետը՝ հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական դրական արդյունքի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթացող առցանց ասուլիսում անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք իրականացվում են հետազոտություններ, թե Թուրքիայի հետ առևտրաշրջանառության ակտիվացումն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի գյուղատնտեսական և գյուղացիական տնտեսությունների վրա, արդյո՞ք թուրքական գյուղատնտեսական արտադրանքն ավելի մրցակցային չէ և հայաստանյան շուկայից դուրս չի մղի տեղական արտադրանքը։

«Շատ հետաքրքիր թեմա է, երբ Հայաստանի նման երկրներում քննարկում են ներսի շուկան տեղի արտադրողի համար պահպանելու և պաշտպանելու խնդիրը։ Ուրիշ բան, եթե ՀՀ-ն լիներ 500 մլն բնակչություն ունեցող երկիր, որտեղ այդ շուկայի ներքին պահանջարկը կարող էր տնտեսությանը շատ մեծ լիցք տալ։ Մեր կառավարության քաղաքականությունը հետևյալն է՝ արտահանմանը միտված քաղաքականություն պետք է ունենանք, ներքին շուկայի վրա հենվելով չենք կարող տնտեսությունն այդ աստիճանի լրջացնել, մեզ արտահանման շուկաներ են պետք, իսկ եթե մեր պոտենցիալ արտահանման շուկաները փակեն, ասեն՝ դուք ձերը փակեք, մենք՝ մերը, Հայաստանը դրանից չի օգտվի։

Երբ խոսում ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին, մենք մտածում ենք միայն Հայաստանի և Թուրքիայի մասին, իսկ պետք է մտածեն այն տրանզիտի մասին, որը պետք է Հայաստանով, Թուրքիայով, Ադրբեջանով անցնի՝ ի՞նչ տնտեսական էֆեկտներ է դա բերելու, ինչքա՞ն աշխատատեղեր է բացելու։ Հնարավոր է, որ ինչ-որ սեգմենտում այսօր առկա արտադրանքն իր մրցունակությունը կորցնի, բայց երկաթուղու և ճանապարհների բացման դեպքում ի՞նչ նոր սեգմենտներ են առաջանալու։ Այսօր Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու խնդիր ունենք, դրա համար մեծ նշանակություն ունեն կոմունիկացիաները, գործարաններ ենք ուզում ստեղծել, և ինչքանով այդ առումով սահմանի և երկաթուղու բացումը կմեծացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը։

Ինչպես Նախիջևան-Ադրբեջան օրինակով էի ասում, կուզեի, որ Թուրքիայի հետ սահմանի բացումն էլ այդ կոնտեքստում նայենք։ Մենք երկաթուղային կապ ենք ստանում Եվրոպայի հետ, իսկ որևէ մեկը հաշվե՞լ է՝ երկաթուղով եթե փորձենք մեր արտադրանքն արտահանել Եվրոպա, դա ինչ պոզիտիվ ազդեցություն կունենա ինքնարժեքի վրա։ Հաշվել ենք, և դա, միանշանակ, պոզիտիվ ազդեցություն կունենա»,- նշեց Փաշինյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում