ՎՎարդուհի Հարությունյան

Շարունակելու ենք համառորեն պաշտպանել Արցախի շահերը, ինքնիշխանությունն ու անկախությունը. Դավիթ Բաբայան

Շարունակելու ենք համառորեն պաշտպանել Արցախի շահերը, ինքնիշխանությունն ու անկախությունը. Դավիթ Բաբայան

2021 թվականը յուրահատուկ տարի էր Արցախի համար, որովհետև ծանր արհավիրքից, Արցախյան երրորդ պատերազմից ապաքինվելու ժամանակահատված էր իր բոլոր դժվարություններով և խնդիրներով: Այս մասին ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում: 

«Արցախը գտնվում է դեռևս ծանր վիճակում, որպես վիրավոր մի երկիր, բայց կարող ենք փաստել, որ կամաց-կամաց վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում ենք ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Կարևոր է, որ այս ծանր հոգեբանական վիճակից դուրս գանք: Առանց դրա դժվար է լինելու ակնկալել հաջողություններ պետականաշինության, առավել ևս՝ արտաքին քաղաքականության ոլորտում»,- նշեց Բաբայանը:

Արցախի արտգործնախարարի խոսքով՝ 2021-ին Արցախի ԱԳՆ-ն իրականացրել է իր գործառույթները, իհարկե, ավանդական մեր գործառույթները մնացել են նույնը, դրան գումարվել են այլ առաջադրանքներ:

«Ընդհանուր առմամբ փորձել ենք ամեն ինչ անել՝ մեր շահերը պաշտպանելու համար միջազգային տարբեր ատյաններում, որ անմասն չմնանք աշխարհաքաղաքական գործընթացներից»,- հավելեց Բաբայանը՝ ներկայացնելով կարևոր տվյալներ:

«2021-ին ԵԱՀԿ-ում տարածել ենք 20 փաստաթուղթ, ՄԱԿ-ում՝ 15, Եվրոպայի խորհրդում՝ 4 փաստաթուղթ: Պաշտոնական հայտարարություններ, մեկնաբանություններ, ընդհանուր առմամբ, 32-ն է եղել: 88 պաշտոնական հաղորդագրություն է եղել: Սա, կարծում եմ, բավական ակտիվ գործընթաց է, որն իրականացրել ենք ՀՀ կառավարության հետ համատեղ, Սփյուռքի աջակցությամբ:

Կարևոր է նաև, որ մենք շարունակենք սերտորեն համագործակցել Մայր Հայաստանի, սփյուռքի հետ և ներհայկական մեր միասնականությունը պահպանենք: Բնական է, մեր հարցերը, նպատակները մնում են նույնը. դա և՛ հակամարտության կարգավորումն է, և՛ երկկողմ հարաբերությունների զարգացումը, և՛ սփյուռքի տարբեր գաղթօջախների հետ մեր կապերի ամրապնդումը: Սրանք 2021-ի մեր կարևոր ուղղություններից են, դրան գումարվել է մեզ համար նոր առաջադրանք: Դա մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն է, որպեսզի ցույց տանք, որ Արցախը կա, որ մենք ենք տնօրինելու մեր ճակատագիրը, իսկ սա շատ կարևոր է»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանը հակիրճ ներկայացրեց 2022 թվականին Արցախի ԱԳՆ անելիքները, ընդգծեց՝ շարունակելու են համառորեն պաշտպանել Արցախի շահերը, ինքնիշխանությունն ու անկախությունը, բոլոր միջոցներով ամրապնդել ՀՀ-ի, Սփյուռքի հետ հարաբերությունները:

«Մեզ համար, որպես կարևորագույն ուղղություն, լինելու է Արցախի միջազգային ճանաչումը. սա եղել է և կմնա մեր կարևորագույն հարցերից մեկը: Բնականաբար, ադրբեջանա-ղարաբաղյան կարգավորումը եղել է և կմնա մեր կարևոր առաջադրանքներից»,- ընդգծեց Բաբայանը:

Անդրադառնալով 2022 թվականի արտաքին քաղաքականության ռազմավարությանն ու մարտավարությանը՝ Արցախի ԱԳՆ ղեկավարը մասնավորապես շեշտեց. «Վարելու ենք նախաձեռնողական, համարձակ և թիրախային, միաժամանակ, հնարավորինս զուսպ ու գովազդից զուրկ տեղեկատվական բաղադրիչով արտաքին քաղաքականություն՝ հետևելով  ԱԳՆ որդեգրած «շատ գործել, քիչ խոսել» կարգախոսին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում