ԳԳոհար Սարգսյան

ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չառաջադրել և այն թողնել թափուր

ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չառաջադրել և այն թողնել թափուր

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամները հարցի քննարկմանը որոշեցին չմասնակցել, լքեցին նիստը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները 14 անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ են առաջադրել միևնույն անձին:

«Այս ամբողջ ընթացքում բոլոր նիստերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործընկերներս ներկայացրել են բոլոր այն օբյեկտիվ հիմնավորումները, որոնց արդյունքում ակնհայտ է, որ ընդդիմության ներկայացրած թեկնածուն չի կարող համապատասխանել տվյալ պաշտոնին:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածը հստակ սահմանում է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության կարգը, ինչպես նաև այն դեպքերը, երբ խմբակցությունը «Կանոնակարգով» սահմանված ժամկետում մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի՝ իրենց վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում:

2021 թվականի դեկտեմբերի 7-ի նիստում հայտարարվել է, որ «Հայաստան» խմբակցությունը թեկնածու չի առաջադրում: Այս դեպքում տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը, այս դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ երեք անգամ «Քաղաքացիական պայմանագիր» հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրել՝ ընդդիմադիր գործընկերներին առաջարկելով նոր թեկնածու առաջադրել, ինչը տեղի չի ունեցել:

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վերահաստատում է, որ այս ողջ գործընթացում հետապնդել է բացառապես հանձնաժողովի բնականոն աշխատանքներն ապահովելու նպատակ և, որպես վերը նշվածի ապացույց, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է  կայացրել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չառաջադրել՝ այն թողնելով թափուր»,- ասաց Հովհաննիսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում