ԳԳևորգ Թոսունյան

Ոմանց կողմից գեներացվող «դավաճան իշխանության» ռիտորիկան ամենևին էլ կորսված հայրենիքի ցավի ձայնարկումը չէ. վարչապետ

Ոմանց կողմից գեներացվող «դավաճան իշխանության» ռիտորիկան ամենևին էլ կորսված հայրենիքի ցավի ձայնարկումը չէ. վարչապետ

Ոմանց կողմից գեներացվող «դավաճան իշխանության» ռիտորիկան ամենևին էլ կորսված հայրենիքի ցավի ձայնարկումը չէ: Դա շատ լրջորեն մտածված և երկա՜ր տարիներ նախապատրաստված հիբրիդային պատերազմի դրվագ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«2018 թվականին վարչապետի կարգավիճակում չէի էլ հասցրել կարդալ ԼՂ հարցի կարգավորման բանակցային թղթերը, այդ նույն ուժերը փսփսում էին, թե մեր իշխանությունը պատրաստվում է հանձնել հողերը: Այդ միտքը կամաց-կամաց, քայլ առ քայլ, ականջ առ ականջ շրջանառության մեջ էր դրվում:

 

Նպատակը մեկն էր, որ եթե/երբ գա Արցախի ու Հայաստանի շահերը զենքով պաշտպանելու ժամանակը, արժանահավատ հնչի միտքը, թե կռիվն ու պայքարն անիմաստ են, ամեն ինչ վերևներում պայմանավորված է, «հողերը հանձնած են», և այս թեզերի միջոցով երկրի դիմադրողականությունը, զինվորի մոտիվացիան ու կամքը կոտրվեն: Իսկ մինչ հնարավոր պատերազմը՝ թուլանա երկրի դիրքը բանակցային սեղանի շուրջ:

 

Նման կոմբինացիաները, իհարկե, կառուցվում են դրսի և ներսի ուժերի սերտ համագործակցությամբ, և ներսում նմանատիպ խոսույթները ձևավորողները շատ հաճախ չեն էլ կռահում՝ ինչին են մասնակցում, որովհետև ամենը մատուցվում է բարձր «հայրենասիրական» սոուսով: Բայց վերնախավային նեղ շրջանակը չի կարող չիմանալ սեփական առաքելությունը, որ հիմնված է արտաքին ուժերի հետ փոխշահավետ համագործակցության վրա: Արտաքին ուժերը՝ տարածքներ, ներքին ուժերը՝ իշխանություն:

 

2020-2021 թվականներին առաջին մասը ստացվեց, երկրորդ մասը՝ ոչ: Բայց ինչպես տեսնում եք, ներքին «հայրենասերները» չեն հանդարտվում, որովհետև նրանց արտաքին գործընկերները առաքելությունը ավարտված չեն համարում:

 

Այստեղ տեղին է քննադատությունը կառավարության և պետական մարմինների հասցեին: Իսկ ինչո՞ւ չեք կանխում. իհարկե, կան տասնյակ գործոններ, դրանցից առանցքայինը պետական ինստիտուտների կայացածության աստիճանն է:

 

Այս է պատճառը, որ համարում եմ, որ մեր առանցքային խնդիրը պետականության և պետական ինստիտուտների կայացածության ցածր մակարդակն է, և հիմնական անելիքը պետականության և պետական ինստիտուտների զարգացումը, որ մեր ապագայի միակ երաշխիքն է իմ խորին համոզմամբ:

 

Թերևս՝ շարունակելի...»,- Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետը: 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում