ՎՎարդուհի Հարությունյան

Եվրոպայի խորհուրդը Թուրքիայի դեմ գործընթաց է նախաձեռնել Քավալայի գործով

Եվրոպայի խորհուրդը Թուրքիայի դեմ գործընթաց է նախաձեռնել Քավալայի գործով

Եվրոպայի խորհուրդը Թուրքիային պատասխանատվության ենթարկելու գործընթաց է նախաձեռնել գործարար և իրավապաշտպան Օսման Քավալային ազատ արձակելուց հրաժարվելու պատճառով՝ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմանը:

Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը կոչ է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին քննարկել Անկարայի կողմից դատական կարգադրությունների խախտումները Քավալայի գործի կապակցությամբ: Այս մասին ասված է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Եվրոպայի խորհուրդը Անկարային կոչ է արել գործի վերաբերյալ իր կարծիքը ներկայացնել մինչև 2022 թ. հունվարի 19-ը: Դրանից երկու օր առաջ Թուրքիայում նախատեսված է Քավալայի գործով հաջորդ նիստը։

Նոյեմբերի 26-ին Թուրքիայի դատարանը կալանքի տակ է թողել իրավապաշտպան Քավալային։ Հոկտեմբերին ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպանները կոչ են արել ազատ արձակել նրան, որից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել էր ԱԳՆ-ին նրանց հայտարարել «անցանկալի անձ»: Ավելի ուշ վերոնշյալ երկրների դիվանագիտական ներկայացուցիչները հրապարակել են հայտարարություն՝ հայտնելով Թուրքիայի օրենքները և երկրի ղեկավարության որոշումները հարգելու մտադրության մասին:

Քավալան ձերբակալվել էր Ստամբուլում 2017 թ. հոկտեմբերի 18-ին՝ կառավարության տապալման և Թուրքիայում սահմանադրական կարգը բռնի փոխելու փորձի կասկածանքով: ՄԻԵԴ-ի 2019 թ. դեկտեմբերի որոշմամբ՝ Քավալայի նկատմամբ կալանքը կիրառվել է հանցակազմի բավարար ապացույցների բացակայության պայմաններում՝ խախտելով նրա ազատության և անվտանգության իրավունքը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխան:

ՄԻԵԴ-ը եզրակացրել էր, որ Քավալայի ձերբակալության ու բանտարկման նպատակը նրան լռեցնելն ու մյուս իրավապաշտպանների նկատմամբ ճնշում գործադրելն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում