Ուկրաինայի նախագահ Զելենսկու գրասենյակը ողջունել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ցանկությունը՝ միջնորդ դառնալ Կիևի և Մոսկվայի միջև: Նրանց կարծիքով ճիշտ կլինի, որ Ռուսաստանը չմերժի առաջարկը, գրում է РИА Новости-ն:
Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ու առաջարկել է եռակողմ գագաթնաժողով անցկացնել Թուրքիայում՝ քննարկելու Դոնբասում հակամարտության կարգավորումը։
«Եվրոպական համերաշխություն» կուսակցությունից Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իրինա Գերաշչենկոն առաջարկել է մտածել Դոնբասում իրավիճակի կարգավորման բանակցային հարթակը Մինսկից Թուրքիա տեղափոխելու մասին։
Նա խորհուրդ է տվել «հարցը նախ «նորմանդական ձևաչափով» քննարկել գործընկերների՝ Գերմանիայի և Ֆրանսիայի հետ, ինչպես նաև լսել ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, որոնք Ուկրաինայի ամենամոտ դաշնակիցներն են»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների մասնակցությամբ Դոնբասի իրադրության կարգավորման հարցով գագաթնաժողով կազմակերպելու Թուրքիայի ենթադրյալ առաջարկի մասին տեղեկությունը։










