ԴԴավիթ Մուրադյան

Միացյալ Թագավորության Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն անցել է առաջին ընթերցմամբ

Միացյալ Թագավորության Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն անցել է առաջին ընթերցմամբ

Քիչ առաջ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը առաջին ընթերցմամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։

Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատեցին բանաձևի հեղինակ Թիմ Լոթընի գրասենյակից: Բանաձևի երկրորդ ընթերցումը նախատեսված է հաջորդ տարվա մարտի 18-ին։  Ավելի վաղ «Լուրերի» հետ զրույցի ընթացքում Լոթընը նշել էր. 

«Իրականում անարդարությունն արդեն երկար տարիներ է՝ ձգվում է: Ես նախագահում եմ Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խումբը, որին մասնակցում են բոլոր կուսակցությունները և Լորդերի պալատի անդամներ: Մեր նպատակն է ավելի խորացնել Հայաստանի և հայ գործիչների հետ քաղաքական հարաբերությունները, ինչպես նաև ներկայացնել Հայաստանի որոշ շահեր Միացյալ Թագավորության խորհրդարանում: Գոյություն ունի երկար տարիների պատմություն ունեցող անարդարություն: Այն վերաբերում է հայերի պատմական կոտորածին: Պաշտոնապես այն ցեղասպանություն է ճանաչել աշխարհի արդեն 31 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ: Տեղի ունեցածը բոլոր բնութագրերով և ձևակերպումներով հստակորեն հենց ցեղասպանություն է: Չափազանց կարևոր, տեղին  և հրատապ է, որպեսզի մենք որպես ցեղասպանություն ճանաչենք այն, ինչ տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ: Մենք պետք է լրջորեն բարձրաձայնենք այն բոլոր ցեղասպանությունների մասին, որոնք դեռևս տեղի են ունենում աշխարհի տարբեր վայրերում: Չենք կարող անտեսել հայերի ցեղասպանությունը, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Անհրաժեշտ է, որպեսզի կապ ստեղծվի նախորդ օրինագծերի հետ, որոնցով խորհրդարանը ճանաչում է աշխարհի այլ մասերում տեղի ունեցածը՝ որպես ցեղասպանություն: Համարեցի, որ տեղին է, որպեսզի մենք հիմա ճնշում գործադրենք Միացյալ Թագավորության կառավարության վրա՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար: Օրինագծին աջակցում են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, և կա հնարավորություն, որ այն իրականություն դառնա»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում