ՄՄարիամ Մխիթարյան

Լիբանանը «Հեզբոլլահի» պատճառով հայտնվել է դիվանագիտական հակամարտության կենտրոնում

Լիբանանը «Հեզբոլլահի» պատճառով հայտնվել է դիվանագիտական հակամարտության կենտրոնում

Պարսից ծոցի երկրների հետ Լիբանանի հարաբերություններում խորանում է դիվանագիտական ​​ճգնաժամը։ Տարածաշրջանի մի քանի պետություն վտարել են Լիբանանի դեսպաններին, իսկ ազդեցիկ Սաուդյան Արաբիան նույնիսկ արգելել է ապրանքների ներմուծումը մերձավորարևելյան այդ երկրից՝ տեղեկացնում է BBC-ն։

Քուվեյթը շաբաթ օրը հետ է կանչել իր դեսպանին Բեյրութից և 48 ժամ ժամանակ է տվել Քուվեյթում Լիբանանի դեսպանին՝ երկիրը լքելու համար։ Ավելի վաղ նման որոշումներ էին կայացրել Սաուդյան Արաբիան և Բահրեյնը։

Դիվանագիտական ​​ճգնաժամը սուննի Սաուդյան Արաբիայի և արմատական ​​շիա «Հըզբոլլահի» միջև առճակատման ևս մեկ դրսևորում է: «Հեզբոլլահը» սերտ կապեր ունի Իրանի հետ, և հաճախ այն անվանում են Լիբանանի փաստացի կառավարիչ:

Պարսից ծոցի երեք երկրներից Լիբանանի դեսպաններին վտարելու պատճառն այդ երկրի տեղեկատվության նախարար, նախկին հեռուստահաղորդավար Ջորջ Կորդահիի հայտարարությունն է, որում նա դատապարտում է Եմենում Էր-Ռիադի գլխավորած արաբական կոալիցիայի գործողությունները։

«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում լիբանանցի նախարարն ասել է, որ կոալիցիայի գործողություններն, ըստ էության, արտաքին ագրեսիա են, և «Հեզբոլլահի» աջակցությունը վայելող հութսի ապստամբները ստիպված են պաշտպանվել:

Պաշտոնական Բեյրութը վստահեցրել է, որ նախարարի հայտարարությունը չի արտացոլում Լիբանանի պաշտոնական դիրքորոշումը: Սկանդալի բռնկման ֆոնին Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին Ջորջ Կորդահիին խնդրել է մտածել հրաժարական տալու մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում