ԱԱրսեն Մկրտչյան

Բռնցքամարտի ԱԱ. Սեյրան Եղիկյանն ու Կարեն Տոնականյանը հաջորդ փուլում են

Բռնցքամարտի ԱԱ. Սեյրան Եղիկյանն ու Կարեն Տոնականյանը հաջորդ փուլում են

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են հաջող ելույթները. հոկտեմբերի 27-ին պայքարի դուրս եկած մեր երկու բռնցքամարտիկներն էլ՝ 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանն ու 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, անցել են հաջորդ փուլ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Աշխարհի առաջնության 1/32-րդ եզրափակչում Եղիկյանը մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելլայի հետ: Առաջին ռաունդում մրցակիցն ավելի շատ հարվածներ է հասցրել, և բոլոր մրցավարները նախապատվությունը տվել են Իտալիայի ներկայացուցչին: Երկրորդ ռաունդում մեր մարզիկը բեկել է մենամարտի ընթացքը, իսկ երրորդ՝ վճռորոշ ռաունդում, Եղիկյանի առավելությունն առավել նկատելի է եղել, ինչի արդյունքում վստահ հաղթանակ է տարել:

Եղիկյանը դուրս է եկել ԱԱ-ի 1/16 եզրափակիչ, որտեղ հոկտեմբերի 30-ին կմենամարտի Ղրղզստանի ներկայացուցիչ Տուրկբայի Ուլու Միրլանի հետ:

Ինչ վերաբերում է 60 կգ քաշային Կարեն Տոնականյանին, ապա Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիրը պետք է մրցեր Հնդկաստանի ներկայացուցիչ Սինգ Վարինդերի հետ, բայց մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով, ռինգ դուրս չի եկել, և հաղթանակը շնորհվել է մեր բռնցքամարտիկին:

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Հայաստանը երեք ներկայացուցիչ կունենա աշխարհի առաջնությունում. 57 կգ քաշային Արթուր Բազեյանը 1/16 եզրափակչում կմենամարտի չինական Թայբեյի ներկայացուցիչ Չեն Պո-Յիի հետ, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը 1/16 եզրափակչում ուժերը կչափի Լեհաստանի ներկայացուցիչ Դուրկաչ Դամիանի հետ, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը 1/16 եզրափակչում կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոգավա Ցոտնեի հետ:

Հիշեցնենք՝ աշխարհի առաջնության մասնակիցները կմրցեն 13 քաշային կարգերում: Ստուգատեսին հայտավորված է 105 երկրի 650 բռնցքամարտիկ։ ԱԻԲԱ-ի 75-ամյա պատմության մեջ առաջին անգամ բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցանակակիրները կպարգևատրվեն. սահմանվել է 2,6 մլն դոլար մրցանակային ֆոնդ։ ԱԱ-ի ոսկե մեդալակիրները կստանան 100, արծաթե մեդալակիրները` 50, իսկ բրոնզե մեդալակիրները` 25 հազարական ԱՄՆ դոլար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում