ԱԱննա Ավետիսյան

ՀՀ-ում Սիրիայի դեսպանն անթույլատրելի է համարել 44-օրյա պատերազմում վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը

ՀՀ-ում Սիրիայի դեսպանն անթույլատրելի է համարել 44-օրյա պատերազմում վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:

ՀՀ ԱԺ նախագահը փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում կարևորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը` վստահեցնելով, որ Ազգային ժողովը շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ արդյունավետ համագործակցությունը:

Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առանցքային նշանակությունը երկկողմ կապերի զարգացման գործում` ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ հարաբերությունների խորացմանը նոր ազդակ կհաղորդի առաջիկայում ձևավորվելիք Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամական խումբը:

Մոհամմեդ Հաջ Իբրահիմը ևս անդրադարձել է խորհրդարանական հարաբերություններն առավել խորացնելուն ուղղված քայլերի իրականացմանը: Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ կարևորվել է փոխայցերն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Դեսպանը փաստել է, որ սիրիահայերը Սիրիայի հասարակության անքակտելի մասն են և մեծ դերակատարություն ունեն երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Ալեն Սիմոնյանն իր հերթին ընդգծել է, որ սիրիահայերը Հայաստան և Արցախ են բերել նոր ու գեղեցիկ մշակույթ, որի պակասը զգացվում էր մեզանում:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը: Այս առնչությամբ դեսպանն իր հերթին անթույլատրելի ու մերժելի է համարել 44-օրյա պատերազմում վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը:

ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու բարեկամ ժողովուրդների շահերին միտված ցանկացած նախաձեռնության:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում