ՄՄարիամ Մխիթարյան

Գաղտնալսումների հետ կապված սկանդալ Վրաստանում

Գաղտնալսումների հետ կապված սկանդալ Վրաստանում

Դեռևս սեպտեմբերի 13-ին Վրաստանի մեդիադաշտում հայտնվեցին 2013-2021 թթ. հոգևորականների գաղտնալսման հազարավոր ֆայլեր, այդ թվում՝ միանձնուհիների, քահանաների, մետրոպոլիտների և նույնիսկ Պատրիարքարանի Սինոդի անդամների: Մի քանի հազար աուդիոֆայլեր պարունակում են  մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ՝ գրում է Aliq.ge-ն: Հատուկ ուշադրություն է դարձվում սեռական կողմնորոշմանը և բարձրաստիճան հոգևորականների անցյալին:

Ֆայլերի իսկությունը դեռ ապացուցված չէ, սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերում լուր է շրջանառվում, թե նախկին վարչապետ Գիորգի Գախարիան կապ ունի գաղտնալսումների հետ: Գախարիան հայտարարել է, որ տեղյակ չի եղել հոգևորականների գաղտնի լսումների մասին:

«Ես չգիտեմ, թե ով է կատարել անօրինական ձայնագրությունները: Ես նման հանձնարարություն չեմ տվել»,- ասել է նախկին վարչապետը:

Շրջանառվում է նաև գործին Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության նախկին տեղակալ Ալեքսանդր Խոջևանիշվիլիի հնարավոր ներգրավվածության տարբերակը:

Ըստ «Մթավարի» հեռուստաընկերության՝ գաղտնի ձայնագրությունների արտահոսքը կազմակերպել է Պետական ​​անվտանգության ծառայության նախկին աշխատակից Ակակի Նեմսաձեն, որն ինքնասպան է եղել երկու ամիս առաջ՝ հուլիսի 8-ին: Մահվանից առաջ նա որոշել է «մերկացնող» ֆայլերն ուղարկել  ընդդիմադիր հեռուստաալիքներին:

Վրաստանի գլխավոր դատախազությունն այս փաստի առթիվ հետաքննություն է սկսել՝ քրեական գործը հարուցելով «Անձնական կյանքի գաղտնիության խախտում» հոդվածով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում