Բաքուն և Անկարան շտապել են հերքել թյուրքական միասնական բանակ ստեղծելու՝ Ադրբեջանի ու Թուրքիայի մտադրության մասին հայտարարությունը: Աղմկահարույց խոսքերի հեղինակը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփն է: Նա նման հայտարարություն է արել Ադրբեջան կատարած այցի ժամանակ: Բարձրացված մեծ աղմուկից հետո Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները մեղքը փորձում են բարդել ադրբեջանական լրատվամիջոցի վրա, որն իբր սխալ է թարգմանել Շենթոփի խոսքերը, հայտնում է Sputnik Ադրբեջանը:
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփն արդարացել է, թե ինքը չի խոսել Բաքվի և Անկարայի միջև ընդհանուր թյուրքական բանակ ստեղծելու շուրջ բանակցությունների մասին: Նա հայտարարել է, թե իբր մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք կձևավորվի թյուրքական միասնական բանակ, ինքն ասել է, որ առայժմ պայմանավորվածությունների շրջանակում երկու երկրները համատեղ զորավարժություններ են անցկացնում:










