ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և ՌԴ-ն դատապարտում են Վարոշայի կարգավիճակը փոխելու մասին Էրդողանի հայտարարությունը

ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և ՌԴ-ն դատապարտում են Վարոշայի կարգավիճակը փոխելու մասին Էրդողանի հայտարարությունը

ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանի Դաշնությունը անհանգստացած են Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի Վարոշա փակ շրջանի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունից և կողմերին կոչ են անում հետևել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին: Այն նախատեսում է Կիպրոսի հույն և թուրք համայնքների միջև ուղղակի բանակցությունների միջոցով կղզում ստեղծել երկու գոտի ունեցող երկհամայնքային դաշնություն, որը պետք է լինի ՄԱԿ-ի հսկողության տակ՝ հայտնում է ТАСС-ը:

Համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984 թ. թիվ 550 որոշման՝ Վարոշան, որը գտնվում է կղզու չեզոք գոտում, պետք է անձեռնմխելի մնա այնքան ժամանակ, քանի դեռ 1974 թվականին այնտեղից վտարված կիպրոսցի հույն սեփականատերերի հետնորդները չեն վերադարձել իրենց բնակավայր:

Մինչդեռ 2020-ի հոկտեմբերի 8-ին օկուպացված Հյուսիսային Կիպրոսի իշխանությունները զբոսաշրջիկներին հնարավորություն տվեցին մտնել Վարոշայի հյուսիսային թաղամասերի ծովափնյա հատվածը: Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը 2021 թվականի հուլիսի 19-20-ն այնտեղ կատարած այցի ժամանակ հայտարարեց Վարոշայի փակ հատվածը՝ 3,4%-ը, բացելու և վերաբնակեցնելու, այն թուրք կիպրոսցիներին հանձնելու մասին:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը կիպրոսցի թուրքերի նախաձեռնությունը որակել է «Վարոշայի կարգավիճակը փոխելու անընդունելի միակողմանի որոշում»:

Մեծ Բրիտանիան առաջարկել է հարցը քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Դատապարտելով Էրդողանի հայտարարությունը՝ Լոնդոնը կոչ է արել Թուրքիային՝ «դադարեցնել իր գործողությունները Վարոշայում»:

Էրդողանի և Հյուսիսային Կիպրոսի նախագահ Թաթարի հայտարարությունները քննադատել են նաև ԱՄՆ-ը և Ռուսաստանը:

Նրանք կոչ են արել զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը և լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել Կիպրոսի խնդրի լուծման հարցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում