ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 15-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց և դրական եզրակացություն տվեց նույն օրը ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ ընդունված Կառավարության ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆերրոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ, թույլտվություններ և հավաստագրեր տրամադրելու համար՝ նպատակ ունենալով համաշխարհային շուկայում ձևավորված բարձր գնային պահանջարկի պայմաններում Հայաստանի հանքարդյունաբերության և գունավոր մետալուրգիայի ոլորտում ստեղծել և զարգացնել առավել մաքուր և էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրություններ:
2020-ի ապրիլից համաշխարհային շուկայում գրանցվում է պղնձի միջազգային գնաճ կամ կայուն բարձր գին: Պղնձի գինը միջազգային բորսայում 2020 թվականի դեկտեմբերից գերազանցում է 7500 դոլարը, իսկ այժմ այն կազմում է 9225 դոլար: Մոլիբդենը 2018 թվականի ապրիլից գրանցում է կայուն գին՝ 24.000 ԱՄՆ դոլարի չափով:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական բնույթի փոփոխություններ, որոնք ընդունվել են հիմնական զեկուցողի կողմից:
Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն տվեցին օրենքի նախագծին:










