Հայաստանի Սահմանադրական դատարանը շարունակում է քննարկել չորս քաղաքական ուժերի դիմումը, որոնք վիճարկում են արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:
Այսօր նիստը շարունակվում է «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցչին ուղղված հարցերով: Երրորդ կողմի ներկայացուցչին՝ Ռուստամ Բադասյանին, հարցեր ուղղելու իրավունք ստացած կողմերից միայն «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանն է օգտվել հնարավորությունից:
Հարցերից մեկը հետևյալն էր, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վստահո՞ւմ է ԿԸՀ-ին՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավի այն հայտարարությունը, որ մինչև 2018 թվականը տեղի ունեցած բոլոր ընտրությունները՝ բացի 99 թվականի ընտրություններից, չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը:
Արա Զոհրաբյանը նաև հարցրել է, թե ինչով է պայմանավորված վստահությունը, եթե ԿԸՀ անդամների մեծ մասը պաշտոնավարում է 2011 թվականից: Բադասյանը պատասխանել է, որ քաղաքական գնահատականները պետք է տարբերակել իրավական գործընթացներից, և ընտրախախտումների մասին խոսելիս պետք է հաշվի առնել, թե ինչ ընտրական համակարգ է գործում երկրում:
Բադասյանը հիշեցրել է նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականը, ըստ որի ԿԸՀ-ն ընտրությունները կազմակերպել ու անցկացրել է թափանցիկ, կոլեգիալ և ունեցել է մասնակիցների վստահությունը:










