Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում երեկ՝ հունիսի 21-ին, մեկնարկել էր շիրակցի ևս 13 ռազմագերու նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի դատավարությունը:
Դատական քննությունը նշանակվել է հուլիսի 1-ին, նիստը վարելու է դատավոր Ֆայիգ Գանիևը՝ հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:
Նրանք Խծաբերդի հատվածում նոյեմբերին գերեվարված խմբի 60 զինծառայողներից են: Այդ խմբից մի քանիսը վերադարձել է Հայաստան գերիների տարբեր խմբերի հետ, մյուսները բաժանվել են 3 խմբի, ու բոլորին առաջադրվել է մեղադրանք, որոնք քննվում են խումբ-խումբ:
Շինծու քրեական գործերով նրանք մեղադրվում են ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով Ադրբեջանի տարածք ապօրինի մուտք գործելու և այնտեղ ահաբեկչություն նախապատրաստելու, ապօրինի զենք կրելու մեջ։










