ԼԼիլիթ Սեդրակյան

Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ դիտարկում ենք որպես սպառնալիք. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ դիտարկում ենք որպես սպառնալիք. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Շուշի կատարած այցի կապակցությամբ:

«Արդեն որերորդ օրն է՝ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները տարփողում են Թուրքիայի նախագահի՝ 2020 թ. աշնանային պատերազմի արդյունքում գերեվարված հայկական Շուշի կատարելիք այցի մասին: «Համատարած խանդավառության» այս շքերթի ընթացքում նույն այդ երկրներում մոռանում են այն դերակատարության մասին, որ ունեցել է Թուրքիան և շարունակում է սպառնալիք լինել տարածաշրջանային կայունության ու խաղաղության համար: Այս առթիվ հարկ ենք համարում հիշեցնել, որ.

-     1915 թ. արևմտահայությանը ցեղասպանության ենթարկելուց և հայ ժողովրդի պատմական բնօրրանը բռնազավթելուց հետո Թուրքիան վերջին հարյուր տարիների ընթացքում ձգտել է նույն ոճրագործությունը կատարել նաև արևելահայության նկատմամբ: Եվ միայն հայ ժողովրդի կազմակերպված պայքարի շնորհիվ է հաջողվել կանխել հայասպան նոր ծրագրերը:

-      2020 թ. սեպտեմբերի 27-ին, օգտվելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային՝ իրենց համար բարենպաստ պայմաններից, Թուրքիան ու Ադրբեջանը, միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ նենգորեն հարձակվելով Արցախի Հանրապետության վրա, լայնածավալ պատերազմով կրկին փորձել են ցեղասպանության ենթարկել հայությանը:

-      Ոտնահարելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը՝ 44-օրյա պատերազմի հետևանքով իր պատմական հայրենիքում, այդ թվում և Շուշիում ապրելու իրավունքից զրկվել են տասնյակ հազարավոր հայեր, և պղծվել են ազգային-քրիստոնեական պատմամշակութային նշանակության հարյուրավոր կոթողներ:

Այսպիսի նախապատմության պարագայում Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ, մասնավորապես՝ երբեմնի ծաղկուն հայոց բերդաքաղաք Շուշի, ոչ այլ ինչ է, քան հերթական սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ: Դա Բաքվում տխրահռչակ «ռազմավարի պուրակի» բացման շարունակությունն է, որը ենթադրում է հետպատերազմյան շրջանում հայ ժողովրդի նկատմամբ հոգեբանական և բարոյական նոր ճնշումների ցինիկ դրսևորում:

Թուրքիայի նախագահի նմանօրինակ քայլը սադրիչ գործողություն է տարածաշրջանում փխրուն կայունության հաստատման դեմ, որը հեռահար նպատակ ունի՝ կասկածի տակ դնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության դերն ու նշանակությունը:

Մենք դիմում ենք միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, Հայաստանի Հանրապետությանը՝ խստորեն դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները, որոնք հղի են նոր վտանգներով»,- ասվում է Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում