ՄՄարիամ Մխիթարյան

Ջոնսոնն ու Բայդենը ստորագրել են նոր Ատլանտյան խարտիան՝ «բարեկեցիկ ապագա» կառուցելու համար

Ջոնսոնն ու Բայդենը ստորագրել են նոր Ատլանտյան խարտիան՝ «բարեկեցիկ ապագա» կառուցելու համար

«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովից առաջ կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հանդիպումը: Քարբիս-բեյ փոքր քաղաքում երկու պետության ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին, համավարակի դեմ պայքարին, կլիմայի փոփոխությանը վերաբերող հարցեր: Հանդիպման գլխավոր արդյունքը համարվում է Բայդենի ու Ջոնսոնի կողմից նոր Ատլանտյան խարտիայի ստորագրումը: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:

«Մեր առաջնահերթ խնդիրն է պաշտպանել ժողովրդավարության սկզբունքները, արժեքներն ու ինստիտուտները և բաց հասարակությունները, որոնք որոշում են մեր ուժը՝ որպես պետություններ և դաշինքներ: Մենք կխթանենք թափանցիկությունը, կպաշտպանենք օրենքի գերակայությունը, կօգնենք քաղաքացիական հասարակությանն ու անկախ լրատվամիջոցներին: Մենք նաև պայքարելու ենք անարդարության ու անհավասարության դեմ, պաշտպանելու ենք մարդու արժանապատվությունն ու իրավունքները»,- ասվում է նոր Ատլանտյան խարտիայում:

Կողմերը  «հավատարիմ են մնում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և վեճերի խաղաղ լուծման սկզբունքներին»: Նրանք պարտավորվում են ամրապնդել ֆինանսական կայունությունը և թափանցիկությունը, պայքարել կոռուպցիայի և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ:

Բացի այդ, Լոնդոնը և Վաշինգտոնն ընդունել են կլիմայի փոփոխության դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորել առողջապահության ոլորտում համագործակցության ամրապնդումը:

Նոր փաստաթուղթը համեմատում են 1941 թվականի Ատլանտյան խարտիայի հետ, որը ստորագրել էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը և ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը: Այն համարվում է հակահիտլերյան կոալիցիայի հիմնական փաստաթղթերից մեկը: Հռչակագրում ներկայացված սկզբունքները հետագայում դրեցին Երկրորդ աշխարհամարտից հետո ՄԱԿ-ի և քաղաքատնտեսական աշխարհակարգի ստեղծման հիմքը: 1941 թ. սեպտեմբերի 24-ին ԽՍՀՄ-ը նույնպես հայտնեց իր համաձայնությունը խարտիայի սկզբունքներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում