Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարները քննադատել են Սիրիայում այսօր տեղի ունեցող նախագահական ընտրությունները, գրում է DW-ն:
Տարածած հայտարարության մեջ այդ երկրների արտգործնախարարները նշել են, որ իրենք միանում են Սիրիայի քաղաքացիական հասարակության և սիրիական ընդդիմության ձայներին, որոնք քվեարկությունն անօրինական են համարում:
Փաստաթղթում շեշտվում է, որ Սիրիայում ազատ և արդար ընտրությունները պետք է անցկացվեն ՄԱԿ-ի վերահսկողության ներքո` թափանցիկության և հաշվետվության միջազգային բարձրագույն չափանիշներին համապատասխան:
«Ընտրությունները կարող են արժանահավատ լինել միայն այն դեպքում, եթե դրանց մասնակցեն բոլոր սիրիացիները, ներառյալ ներքին փախստականներն ու սիրիական սփյուռքը, և եթե դրանք անցկացվեն անվտանգ միջավայրում», - շեշտել են հայտարարության հեղինակները:










