ԱԱրման Գալոյան

Բաքվում ՀՀ երկու քաղաքացիների դատավարությունը միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարման դրսևորում է. պատգամավոր

Բաքվում ՀՀ երկու քաղաքացիների դատավարությունը միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարման դրսևորում է. պատգամավոր

«Հայաստանի երկու քաղաքացիների՝ Ալյոշա Խոսրովյանի և Լյուդվիգ Մկրտչյանի նկատմամբ անհիմն դատավարական գործընթացը, որը մեկնարկել է Բաքվի դատարանում, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարման հերթական կոպտագույն դրսևորումը: Գերեվարված մեր քաղաքացիները ամիսներ շարունակ ապօրինի կերպով պահվում են Ադրբեջանում, իսկ այժմ էլ կեղծ մեղադրանքներ առաջադրելով՝ նրանց փորձում են ենթարկել պատասխանատվության:

Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այս հարցի առնչությամբ շարունակում է մնալ նույնը՝ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման, այդ թվում՝ գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման և հակամարտության գոտում կայունության և խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի շուրջ: 

Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ մեր գերեվարված քաղաքացիները նախևառաջ պաշտպանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Ժնևի 3-րդ կոնվենցիայի դրույթներով, ավելին՝ գերեվարված մեր հայրենակիցների նկատմամբ որևէ ոտնձգություն արդեն իսկ հարվածի տակ է դնում և խաթարում է եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների իրականացումը: Փաստացիորեն, չնայած մեր բազմաթիվ պնդումների, չնայած միջազգային կառույցների արձագանքի՝ Ադրբեջանը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները և այժմ էլ հերթական կեղծ  մեղադրանքներով փորձում է ձգձգել մեր քաղաքացիների վերադարձը հայրենիք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում