ՄՄարիամ Մխիթարյան

Ոչ մեկին թույլ չենք տա խաթարել Երուսաղեմի խաղաղությունը. Նեթանյահու

Ոչ մեկին թույլ չենք տա խաթարել Երուսաղեմի խաղաղությունը. Նեթանյահու

Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի տարածքում նոր բախումներ են սկսվել իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև, գրում է Reuters-ը: Իսրայելական իրավապահների ու բանակի ներկայությունը քաղաքում ավելացել է, քանի որ այսօր սպասվում է նաև հրեական ազգայնականների քայլերթը:

Պաղեստինցիները քարեր են նետել Իսրայելի անվտանգության ուժերի ուղղությամբ, վերջիններ էլ լուսաձայնային նռնակներ են կիրառել նրանց դեմ:

Վերջին երեք օրվա ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով հարյուրավոր պաղեստինցիներ և ավելի քան 20 իսրայելցի ոստիկան է վիրավորվել:

Ըստ պաղեստինյան ԶԼՄ-ների՝ Ալ Աքսա մզկիթի տարածքից ցուցարարներին հեռացնելու համար իրավապահներն օգտագործել են արցունքաբեր գազ, մի քանի մարդ ձերբակալվել է: Պաղեստինի Կարմիր մահիկի տվյալներով՝ բախումների հետևանքով հարյուրավոր մարդիկ են վիրավորվել, մոտ 80-ը հոսպիտալացվել են: Կազմակերպությունը պնդում է, որ բժիշկներին թույլ չի տրվել մոտենալ մզկիթին ու օգնել վիրավորներին:

Իսրայելի զինվորականների և պաղեստինցիների բախումները շարունակվում են մայիսի 7-ից: Դրանք նախ բռնկվել են Շեյխ Ջարրահ թաղամասում, որտեղ իսրայելական դատարանի որոշմամբ վտարվել է մի քանի արաբական ընտանիք: Բողոքի ցույցերը, այնուհետև, տեղափոխվել են Տաճարի լեռ:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել է. «Ոչ մեկին թույլ չենք տա խաթարել Երուսաղեմի խաղաղությունը: Մենք նրանց կստիպենք ենթարկվել օրենքին և կարգուկանոն հաստատել քաղաքում: Կշարունակենք երաշխավորել դավանանքի ազատությունը ցանկացած կրոնի հետևորդների համար, բայց թույլ չենք տա բռնության միջոցով հետապնդել իրենց նպատակներին»:

Պաղեստինցիներն Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը: Հրեաներն էլ ամբողջ Երուսաղեմը, որտեղ գտնվում են հուդայականության, իսլամի և քրիստոնեության հայտնի սրբավայրերը, տեսնում  են որպես իրենց միացյալ մայրաքաղաք:

Թուրքիայի նախագահ Էրդողանն անհանգստություն է հայտնել Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձություններին նկատմամբ և կոչ է արել իսլամական աշխարհին միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ՝ վերջինիս գործողությունները որակելով «վայրագ հարձակումներ»։ 

Ստամբուլում էլ հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել Իսրայելի գլխավոր հյուպատոսարանի մոտ: Ցուցարարները ծածանել են Թուրքիայի ու Պաղեստինի դրոշները և հնչեցրել հակաիսրայելական կոչեր:

Արևելյան Երուսաղեմում «շարունակվող բռնությունների» կապակցությամբ մտահոգություն է հայտնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը: Իսրայելի իշխանություններին նա կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների վտարումը մի շարք շրջաններից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում