ՍՍոնա Աղբալյան

Կանադան սպառազինություն չի արտահանի Թուրքիա

Կանադան սպառազինություն չի արտահանի Թուրքիա

Կանադան սպառազինություն չի արտահանի Թուրքիա: Որոշման մասին հայտնել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն: Հետաքննությունը հաստատել է, որ Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում օգտագործվել են կանադական տեխնոլոգիաներ:

«Կանադայի արտաքին գործերի նախարարությունը, խորհրդակցելով Ազգային պաշտպանության նախարարության հետ, ամբողջությամբ վերանայել է Թուրքիայի համար նախատեսված ռազմական նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման բոլոր կասեցված և գործող թույլտվությունները: Հաշվի առնելով, որ ուսումնասիրությունը հավաստի ապացույցներ է հայտնաբերել այն մասին, որ Թուրքիա արտահանվող կանադական տեխնոլոգիան օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում, այսօր ես հայտարարում եմ 2020 թվականի կասեցված թույլտվությունները չեղյալ հայտարարելու մասին»,- տեղեկացրել է Մարկ Գարնոն:

Կանադան արդեն ժամանակավորապես կասեցրել էր Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը՝ դեռ պատերազմի ընթացքում` հոկտեմբերին: Երկիրը հարցը քննարկել է նաև Թուրքիայի հետ: «Կանադացի և թուրք պաշտոնյաների միջև երկխոսություն կսկսվի, որ վստահության մթնոլորտ ստեղծվի,- ասել է Կանադայի արտգործնախարարը:- Կանադական տեխնոլոգիաների նման կիրառումը հակասում է Կանադայի արտաքին քաղաքականությանն ու չի համապատասխանում Թուրքիայի տված հավաստիացումներին»:

Կանադայի արտգործնախարարը, սակայն, ընդգծել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից է: Կանադական այս որոշման պատճառը նաև Անկարայի գործողություններն են Սիրիայի հյուսիս-արևելքում: Օտտավան մտավախություն ունի, որ Թուրքիան կապակայունացնի վիճակը տարածաշրջանում: Արտգործնախարարն անդրադարձել նաև թուրքական արտադրության «Բայրաքթարների» կիրառությանը, որ, հավանաբար, կանադական սենսորներ են ունեցել:

Փորձագետներն ուսումնասիրել են Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերը և եզրակացրել, որ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են եղել թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերության մասնաճյուղը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում