ՆՆարե Ոսկանյան

Դիլիջանում կստեղծվի սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոն

Դիլիջանում կստեղծվի սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոն

Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել Ճապոնիայի դեսպանության և «Հայաստանի համայնքների միություն» ՀԿ միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագրի ստորագրման արարողությունը։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

«Սոցիալական ուղղվածության այս ծրագրի համաձայն՝ խոցելի, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող անձանց համար Դիլիջանում կստեղծվի սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է սոցիալական պաշտպանության ոլորտում Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային և վերապատրաստման ծրագրերի կարևորությանը՝ շեշտելով մարդկային կապիտալի ձևավորմանն ու զարգացմանը, նաև ձեռնարկատիրության խթանմանն ուղղված ծրագրերի դերը:

«Ներառական մասնագիտական ուսուցմանն ու հարմարեցմանն ուղղված ծրագրերը կարևոր երաշխիք են աշխատաշուկայում անմրցունակ անձանց ինքնուրույն կյանքի հմտությունների զարգացման, ինքնիրացման և ի վերջո՝ կայուն զբաղվածության ապահովման համար։ Այս առումով հաշմանդամություն ունեցող անձանց` աշխատաշուկայում ինտեգրման խնդիրը ՀՀ զբաղվածության քաղաքականության առանցքային հիմնախնդիրներից է»,- նշել է նախարարի տեղակալը։

Ռուբեն Սարգսյանը հույս է հայտնել, որ Դիլիջանում hիմնվելիք կենտրոնը կնպաստի աշխատաշուկայում անմրցունակ անձանց հետ տարվող հետևողական աշխատանքների իրականացմանը՝ մասնագիտական հմտությունների ձեռքբերման և կայուն աշխատանք գտնելու նոր հնարավորությունների ստեղծման միջոցով:

Նախարարի տեղակալը հայտնել է նախարարության պատրաստակամությունը՝ աջակցելու ծրագրի իրականացմանը։

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան կարևորել է սոցիալական ձեռնարկությունների մասնակցությունը կայուն ապագա ստեղծելու գործում՝ դրանք բնորոշելով որպես քաղաքացիների բարեկեցությունը խթանող հիմնական կազմակերպություններ:

«Զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող Դիլիջանում ստեղծվելիք Լանդրոմատ ՍՁ սրճարանը նպատակ ունի կայուն զբաղվածության հնարավորություններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այս եզակի կենտրոնը կծառայի և՛ որպես սոցիալական ձեռնարկատիրության օրինակ, և՛ որպես գիտելիքների փոխանակման ու վերապատրաստման կենտրոն: Արդյունքում, ծրագիրը կունենա տարեկան ավելի քան 360 շահառու»,- նշել է դեսպանը։

«Հայաստանի համայնքների միություն» ՀԿ տնօրեն Էմին Երիցյանը վստահություն է հայտնել, որ նախաձեռնությունը հաջողություն կունենա, քանի որ ծրագրում ընդգրկված են ոլորտի ամենափորձառուները»,- ասված է նախարարության հայտարարությունում:

«Ծրագիրը հավակնում է դառնալ մոդելային․ Տավուշում, Դիլիջանում գործելու դեպքում՝ պետական, տեղական և մասնագիտական մարմինների միջև համագործակցությունը կարող է դառնալ մուլտիպլիկատիվ և տարածվել այլ շրջաններում»,- հավելել է հասարակական կազմակերպության տնօրենը։

Հանդիպման ավարտին կողմերը ակտիվ համագործակցության պատրաստակամություն են հայտնել՝ հույս հայտնելով, որ ծրագիրը արդյունավետ քայլ կլինի Հայաստանի կայուն համայնքային զարգացման համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում