ՄՄարի Կոստանյան

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է զրուցակցին այդ բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող մշտական աջակցությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ունեցած դերակատարումը:

Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Զրուցակցի ուշադրությունը հատկապես հրավիրվել է Ադրբեջանի կողմից գերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտության վրա: Տվյալ համատեքստում ամերիկյան կողմը շեշտել է Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել իր դերակատարումը հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման կարևորությունը: Նա բարձր է գնահատել ժողովրդավարության ասպարեզում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները և վստահեցրել, որ ԱՄՆ-ն շարունակելու է բարեփոխումների համար Հայաստանին տրամադրվող օժանդակությունը:

Երկուստեք կարևորվել է համագործակցությունը Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմի գնահատականների և բարեփոխումների ասպարեզում օժանդակություն տրամադրելու պատրաստակամության համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում