ՍՍոնա Աղբալյան

Միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների արձագանքը՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին

Միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների արձագանքը՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին

Երևանյան իրադարձությունները միջազգային կառույցների և մամուլի ուշադրության կենտրոնում են: Միջազգային հանրության հիմնական ուղերձը Սահմանադրությանն ու ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալն է: Զսպվածության կոչը բոլոր հայտարարությունների առանցքում է: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչն ուշադիր հետևում է անդամ երկիր Հայաստանի վերջին զարգացումներին:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար - Բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է քննարկվեն և լուծվեն խաղաղ ճանապարհով` բանակցային սեղանի շուրջ՝ քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ և օրենքի գերակայության ու ժողովրդավարության սկզբունքների համատեքստում:

Եվրոպայի խորհուրդը շարունակում է մնալ Հայաստանի իշխանության և քաղհասարակության տրամադրության տակ՝ ապահովելու համապատասխան աջակցություն,- նշված է հայտարարության մեջ: Խորհրդարանական վեհաժողովում էլ Հայաստանի հարցի համազեկուցողները սահմանադրական ճանապարհով իրավիճակի կայունացում են պահանջում:

Բորիանա Աբերգ, Կիմմո Կիլյունեն, ԵԽԽՎ Հայաստանի հարցի համազեկուցողներ - Անընդունելի ենք համարում Զինված ուժերի գլխավոր շտաբի՝ երեկ տարածած հայտարարությունը, որով պահանջում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականը: Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և պետական դերակատարներին ամբողջությամբ հարգել Հայաստանի ժողովրդավարական սկզբունքներն ու Սահմանադրությունը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` ստեղծված իրավիճակն անհապաղ կայունացնելու ուղղությամբ:

Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները քննարկել են նաև Ֆրանսիայի և Ուկրաինայի արտգործնախարարները: Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է՝ Ֆրանսիան հանդես է գալիս երկրում երկխոսության հաստատման օգտին: Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանում ժողովրդավարությունը կդիմակայի: ՄԱԿ-ը նույնպես մտահոգված է:

Ստեֆան Դյուժարիկ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ - Այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, շատ է մտահոգում: Երկու կողմի համար էլ կարևոր է հանգստություն պահելը: Մենք զսպվածության կոչ ենք անում և հորդորում ենք տարաձայնությունները լուծել երկխոսության ճանապարհով: Դա պետք է անել՝ հարգելով սահմանադրությունը և ժողովրդավարական գործընթացը:

Զերծ մնալ բռնության հանգեցնող քայլերից՝ ԱՄՆ պետքարտուղարության հորդորն է՝ Հայաստանի ժողովրդավարությանը և ինքնիշխանությանը սատարելու խոստումով և հիշեցմամբ, որ Զինված ուժերը չպետք է խառնվեն քաղաքականությանը:

Նեդ Փրայս, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ - Մենք տեղյակ ենք Հայաստանում վերջին իրադարձությունների մասին, շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Բոլոր կողմերին զսպվածության կոչ ենք անում, հորդորում ենք խուսափել ցանկացած լարվածությունից և բռնությունից: Հիշեցնում ենք բոլոր կողմերին ժողովրդավարական հիմնարար սկզբունքի մասին՝ պետության զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը:

Հարցին, թե Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը Վաշինգտոնը որակո՞ւմ է որպես հեղաշրջման փորձ, Փրայսն ասել է, որ պետքարտուղարությունն ունի հատուկ գործընթաց դա պարզելու համար և դեռ կհայտնի կարծիքը:

Հարևան Իրանը քաղաքական ուժերին հորդորում է ձեռնպահ մնալ բռնություններից: Մտահոգ է նաև Շվեդիայի արտգործնախարարը, որը նաև ԵԱՀԿ գործող նախագահն է, Անն Լինդեն հղում է անում ԵԱՀԿ ժողովրդավարական գործընթացներին: Գործընկեր Հայաստանի քաղաքական զարգացումներին ակտիվ հետևում է ՆԱՏՕ-ն, հույս հայտնում, որ բոլորը հավատարիմ կմնան երկրի Սահմանադրությանը:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում