Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգը (Շվեդիա) և Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) անհանգստություն են հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԽԽՎ լրատվական ծառայությունից:
«Մենք ծայրաստիճան մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներով: Մասնավորապես, անընդունելի ենք համարում Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից երեկ տարածված հայտարարությունը, որով պահանջում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականը: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և պետական դերակատարներին՝ ամբողջությամբ հարգել Հայաստանի ժողովրդավարական սկզբունքներն ու Սահմանադրությունը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` ստեղծված իրավիճակն անհապաղ կայունացնելու ուղղությամբ»,- նշել են նրանք:










