ԼԼիլիթ Սեդրակյան

«Բալետից գեղեցիկ ոչինչ չկա». բալետմայստեր Վիլեն Գալստյանն այսօր դարձավ 80 տարեկան

«Բալետից գեղեցիկ ոչինչ չկա». բալետմայստեր Վիլեն Գալստյանն այսօր դարձավ 80 տարեկան

ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանն այսօր նշում է ծննդյան 80-ամյակը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ շնորհավորելու Վարպետին հոբելյանի առթիվ:

Նախարար Վ. Դումանյանը, շնորհավորելով և քաջառողջություն մաղթելով մեծանուն արվեստագետին, ընդգծել է. «Հայկական բալետային արվեստում անուրանալի են Ձեր դերն ու ազդեցությունը, նվիրումն ու վաստակը: Շնորհակալ ենք Ձեզ մշակութային բեղուն գործունեության և մեծ ավանդի համար»:

Ի նշանավորումն Վիլեն Գալստյան արտիստի 80-ամյա հոբելյանի՝ ցուցադրվել է նրա կենսագործունեությունն ամփոփող տեսաֆիլմ, որում, ինչպես Վարպետն է բնորոշում՝ «Բալետի մասին չի կարելի խոսել, այն պետք է նայել, վայելել, զգալ»:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ևս, շնորհավորելով Վիլեն Գալստյանին և արժևորելով նրա դերը հայ մշակութային կյանքում, նշել է. «Դուք լույս եք վառել հազարավոր սրտերում՝  մարդկանց տալով գեղեցիկի ընկալում, նրբացրել եք մարդկանց զգայարանները, որովհետև երաժշտությունից հետո ամենամաքուր արվեստը բալետն է: Պատահական չէ, որ աշխարհի առաջատար էսթետները միշտ ձգտել են աշխատել Ձեզ  հետ, որովհետև Դուք Ձեր էությամբ ու կերպարով էսթետիզմի մարմնացումն եք, Ձեր ապրած կյանքով՝ գեղեցիկի հաստատումը: Առո՛ղջ եղեք և մեր կողքին»:

Ի պատասխան շնորհավորանքների՝ Վարպետն ընդգծել է՝ բալետից գեղեցիկ ոչինչ չկա:

 Վիլեն Գալստյանը բեմում է արդեն 65 տարի: Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը 1959 թ. ավարտելուց հետո բալետի երիտասարդ արտիստը նույն թվականին բեմ է բարձրացել Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև՝ 1961-ից՝ Երևանի թատրոնում: Վիլեն Գալստյանը բեմ է բարձրացել նաև Մոսկվայի «Բոլշոյ», Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և այլ երկրների հեղինակավոր թատրոններում: Ավելին՝ նկարահանվել է շուրջ 60 ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969 թ.), «Հայկական որմնանկարներ» (1972 թ.) և այլն: Ժամանակին եղել է Մոնտեվերդիի «Տեատրու Սոլիս»-ի գլխավոր բալետմայստեր, դասավանդել Սեուլի բալետի համալսարանում: Երևանում էլ ղեկավարել է Պարարվեստի պետական ուսումնարանը, մինչ այդ՝ 1979 թ., 5 տարի եղել է Երևանի օպերային թատրոնի բալետմայստերը, իսկ դրանից առաջ նույն պաշտոնը վարել է նաև 1972-75 թթ. և 1977-79 թթ.: 2014 թ. դարձյալ հրավիրվել է Օպերային թատրոն՝ իբրև գլխավոր բալետմայստեր:

Վիլեն Գալստյանի կերտած Սպարտակը՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակում», Ալբերտը՝ Ադանի «Ժիզելում», Արմենը՝ Խաչատրյանի «Գայանեում», Կոմիտասը՝ «Անտունիում», Դավիթը՝ «Սասունցի Դավիթում», Ռոմեոն՝ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետում», հայ բալետային արվեստի բացառիկ նմուշներից են: Սակայն «Գայանեի» մասին Վիլեն Գալստյանն առանձին սիրով է խոսում՝ նշելով, որ ինքն է ծնունդ տվել այդ ներկայացմանը:

Վիլեն Գալստյանի բալետային արվեստով օտարազգի հանդիսատեսը հիացել է Ռուսաստանում, Անգլիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում