Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ փետրվարի 9-ին հրավիրվել է պատերազմական գործողություններով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծման աշխատանքների համակարգման խորհրդի անդրանիկ նիստը, որը ձևավորվել է ԱՀ նախագահի փետրվարի 4-ի հրամանագրով։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նիստի օրակարգում ընդգրկված էին պատերազմական գործողություններին մասնակցած անձանց կարգավիճակի տրամադրման, պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքների, լքված բնակֆոնդի օգտագործման խնդիրների ու դրանց իրավական լուծման հետ կապված մի շարք հարցեր։
Արտակ Բեգլարյանը նշել է, որ Հանրապետության նախագահի հրամանագրով անհրաժեշտ է մեկամսյա ժամկետում, համակարգված աշխատելով ԱՀ լիազոր պետական կառույցների հետ, վերհանել հիմնական խնդիրները և հաստատել դրանց լուծմանն ուղղված միջոցառումների ցանկը՝ սահմանված կարգով և ժամկետներում դրանց հետագա իրականացման համար։










