ՄՄերի Եգորյան

Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ապատեղեկատվական հոսքերը Արցախի շուրջ. Արայիկ Հարությունյան

Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ապատեղեկատվական հոսքերը Արցախի շուրջ. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ վերջին շրջանում կրկին ակտիվացել են ապատեղեկատվական հոսքերը Արցախի շուրջ, ընդ որում՝ ցավոք, գլխավորապես հայկական շրջանակներից:

«Ում խելքին ինչ փչում է կամ ում նեղ անձնական շահերն ինչ թելադրում են, այն էլ ասում է՝ առանց մտածելու, որ դրանով հանցավոր կերպով խաղում է Արցախի ճակատագրի ու ժողովրդի նյարդերի հետ:

Մասնավորապես, մեկը գրում է, թե իբր բանակն ու արտաքին գործերի նախարարությունն ենք կազմալուծելու, մյուսը՝ իբր Կարմիր շուկա-Շուշի ճանապարհից ենք հրաժարվելու, երրորդը՝ իբր ադրբեջանական դրոշ ենք դնելու Ստեփանակերտում, և այլն, և այլն:

 
Բոլորն էլ ցնդաբանություններ են, և պարզապես բացառվում է, որ Արցախի իշխանությունները համաձայնվեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին:
 
Պաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց:
 
Արցախի Հանրապետության պետական բոլոր մարմիններն աշխատում և աշխատելու են, որքան էլ դժվար պայմաններ ու չկամեցող մարդիկ լինեն, սակայն գլխավոր ցավն այն է, որ չկամեցողների մեջ կան նաև հայ ազգի ներկայացուցիչներ:
 
Շատ կուզեի, որ բոլորիս էներգիան ու ջանքերն ուղղված լինեին Արցախի վերականգնման ու զարգացման, անվտանգության ապահովման, կորստյան ցավի սփոփման և գերիների ու անհետ կորածների հիմնախնդրի լուծման ուղղությամբ՝ եղած արժեքներն էլ ավելի թուլացնելու փոխարեն:

Ողջամտություն ու սրտացավություն բոլորիս»,- գրել է Արցախի նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում