ՄՄերի Ներսիսյան

ՄԱԿ-ի փորձագիտական խմբի կոչը՝ 44-օրյա պատերազմի թեմայով

ՄԱԿ-ի փորձագիտական խմբի կոչը՝ 44-օրյա պատերազմի թեմայով

Անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության գերիներին՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետների կոչն է կողմերին: Գերագույն հանձնակատարի գրասենյակը շեշտում է մահացած անձանց աճյուններն ընտանիքներին հանձնելու կարևորությունը, որպես կարևոր գործոն մատնանշում՝ ավանդույթների համաձայն հուղարկավորությունների կազմակերպումը:

«Բոլորը, ովքեր հակամարտության հետևանքով զրկվել են ազատությունից, պետք է տուն դառնան, իսկ սպանվածների հարազատները պետք է ստանան իրենց հարազատների աճյունները՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետների խումբը ահազանգեր է ստացել, որ ռազմագերիներն ու գերի ընկած քաղաքացիական անձինք սպանվում են, ենթարկվում բռնությունների ու դաժան վերաբերմունքի: Նամակներն ամենաշատը մահացած անձանց մարմինների նկատմամբ խոշտանգումների փաստերով են:

«Ոչ մի բացառություն՝ լինի դա պատերազմական վիճակ, ներքաղաքական անկայունություն կամ այլ արտակարգ դրություն, չի կարող արդարացնել խոշտանգումներն ու մարդկանց անհետացումները: Նմանօրինակ գործողությունները ևս ռազմական հակամարտության ժամանակ կարող են համարվել պատերազմական հանցագործություն»:

Փորձագետները նաև արձանագրել են, որ կողմերն սկսել են վերադարձնել գերիներին, կոչ են անում պահպանել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, հստակեցնել անհետ կորածների ճակատագիրն ու արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերել զոհվածների մարմիններին: Փորձագիտական խմբի կոչն է.

«Ամբողջական, անհետաձգելի, անկախ ու անկողմնակալ հետաքննություն իրականացնել հակամարտության ընթացքում ու դրանից հետո մարդու իրավունքների լրջագույն խախտումների վերաբերյալ՝ պատասխանատվության ենթարկելու կազմակերպիչներին և հատուցելու տուժածներին»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակից հավելել են նաև, որ հետագայում ևս շարունակելու են գործակցել երկու երկրի իշխանությունների հետ և հետևել իրավիճակին:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում