ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իր դեմ դատական գործի շրջանակում այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը: Այս մասին Գևորգյանն ասել է «Արմենպրեսի» հետ զրույցում՝ անդրադառնալով Խաչատրյանների ընտանիքի պահանջի վերաբերյալ կայացված վճռին:
«Ծանոթացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իմ դեմ դատական գործի շրջանակում այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռին: Համաձայն չլինելով որոշման հետ՝ պատրաստվում ենք դիմել Վերաքննիչ դատարան՝ այն բողոքարկելու նպատակով»,- ասել է Գևորգյանը:
Խաչատրյանները հայցով պահանջում էին ներողություն խնդրել իրենց հասցեին կատարված վիրավորանք հանդիսացող արտահայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:
Դատարանը բավարարել է պահանջը:










