Դիմում եմ ներկայացրել վարչապետին, որ ինձ ազատի ՊՎԾ ղեկավարի պաշտոնից. Դավիթ Սանասարյան

«Սիրելի՛ հայրենակիցներ, շուրջ երկու տարի է, ինչ ապօրինի քրեական գործի հետևանքով հեռացված եմ որպես ՊՎԾ ղեկավար ձեզ ծառայելու հնարավորությունից, և ամբաստանյալի կարգավիճակով մասնակցում եմ ինձ հետ, ըստ էության, կապ չունեցող դատական գործընթացին, ինչը թույլ չէր տալիս իրականացնել երկիրը կոռուպցիայից մաքրելու իմ հանձնառությունը։
Ավելին՝ լեգիտիմ իշխանությանը ճգնաժամային իրավիճակներում միշտ սատարել եմ։ Սակայն ինձ համար անհասկանալի պատճառներով այս ընթացքում չի հաջողվել հանդիպել վարչապետի հետ և ներկայացնել տարբեր հարցերում տեսակետներս, անհամաձայնություններս, որի փորձն արել եմ նաև հրադադարից անմիջապես հետո։
Հայրենակիցնե՛ր, պատերազմից հետո ստեղծված կառավարման և քաղաքական ճգնաժամերից դուրս գալու հիմնականում երկու արհեստական ընտրության առաջ եք կանգնած. սատարել փողոցում բողոքի ակցիաներ իրականացնող նախկին ռեժիմի ներկայացուցիչներին (որոնց մեծ մասին մերժել ենք միասնականորեն) և ներկա կառավարությանը, որն այդպես էլ տարբեր պատճառներով չկարողացավ իրականացնել հեղափոխության, ապաև՝ ընտրությունների ժամանակ տված խոստումների մեծ մասը։
Ձեր մեծամասնությունը, ներկա իշխանություններից դժգոհ լինելով հանդերձ, չի մասնակցել նախկինների կազմակերպած փողոցային պայքարին, կամ սատարում է ներկա կառավարությանը միայն նրա համար, որ չմեծացնի նախորդների ռևանշի շանսերը։ Իսկ քաղաքական այսպիսի ստատուս քվոն հղի է պետության անվտանգության սպառնալիքներով և հանդիսանում է զարգացման իրական խոչընդոտ։









