ՎՎարդուհի Բալյան

ԵՄ-ն հավելյալ 24 մլն եվրո դրամաշնորհ է հատկացնում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի նպատակով

ԵՄ-ն հավելյալ 24 մլն եվրո դրամաշնորհ է հատկացնում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի նպատակով

Այսօր Եվրոպական միությունը հայտնել է ՀՀ կառավարությանը ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում աջակցելու նպատակով Հայաստանին հավելյալ 24 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին՝ տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ-ի գրասենյակից:

ԵՄ որոշումը կայացվել է ԵՄ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրված՝ «ՔՈՎԻԴ-19 համավարակի դիմակայման  պայմանագրի» շրջանակներում նախատեսված «Միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագրի» մշակման, ինչպես նաև մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսների կառավարման և պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ դրական գնահատականի արդյունքում: 

24 միլիոն եվրո կազմող այս նոր հատկացումը ԵՄ-ի կողմից Հայաստանին ՔՈՎԻԴ-19 համավարակի դիմակայման նպատակով տրամադրվող 92 մլն եվրո աջակցության բաղկացուցիչ մաս է՝ միտված օգնելու Հայաստանին ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի դեմ պայքարում և ամրապնդելու երկրի տնտեսական և ֆինանսական դիմակայունությունը։

Այսօր հայտարարված այս աջակցությունը տրամադրվում է ի լրումն նախորդ ամիս տրամադրված 35,6 միլիոն եվրո աջակցության՝ լրացուցիչ ֆիսկալ տարածք բացելով Կառավարության առողջապահական և հակաճգնաժամային միջոցառումների իրականացման համար՝ ուղղված ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով տուժած խոցելի խմբերի և ձեռնարկությունների օժանդակությանը։

«Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության աջակցությունն այս բարդ ժամանակներում և մեր երախտագիտությունն ենք հայտնում ԵՄ-ի կառուցողական և արագ արձագանքի համար՝ ի լրումն նախորդ ամիս տրամադրված 35.6 մլն եվրո աջակցությանը: Այս նոր հատկացումը տրամադրվել է ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև 2020 թ. ստորագրված բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում, որն ուղղված է ՔՈՎԻԴ-19 համավարակի դիմակայմանը: Մենք համոզված ենք, որ այն մեծապես կնպաստի համավարակից  Հայաստանի վերականգնմանը՝ օգնելով Կառավարությանը հաղթահարել ճգնաժամի արդյունքում առաջացած դժվարությունները»,- նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Եվրոպական միությունը և ԵՄ անդամ պետությունները վճռականորեն աջակցում են Հայաստանին ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում՝ դրամաշնորհային օժանդակության միջոցով նպաստելով առողջապահության և սոցիալ-տնտեսական վերականգնմանն ու դիմակայունության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերին: Այս տարի մենք Հայաստանին արդեն հատկացրել ենք ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացմանն ուղղված շուրջ 60 միլիոն եվրո դրամաշնորհ ուղղակի բյուջետային աջակցության տեսքով, և դեռ սպասվում է ավելին: Ակնկալվում է, որ մեր օժանդակությունը կօգնի իրականացնել կարևոր տնտեսական բարեփոխումներ, պահպանել աշխատատեղեր և փոքր ձեռնարկություններ, ինչպես նաև խթանել Հայաստանի ներառական տնտեսական աճը: Համավարակի դեմ պայքարը վստահաբար դեռ չի ավարտվել, բայց մենք կարող ենք այն հաղթահարել միայն միասնական լինելով»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

ԵՄ արձագանքը բխում է Team Europe մոտեցումից, որի նպատակն է փրկել կյանքեր՝ մեր գործընկերներին ցուցաբերելով արագ և նպատակային աջակցություն՝ ուղղված այս համաճարակի դիմակայմանը: Այն համատեղում է ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական ֆինանսական կառույցների ռեսուրսները՝ աջակցելու գործընկեր երկրներին, ինչպես նաև արձագանքելու նրանց կարճաժամկետ կարիքներին և հասարակության ու տնտեսության վրա երկարաժամկետ կառուցվածքային ազդեցություններին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում