Իմ որոշման մանրամասն հիմքերը, գործունեությանս հակիրճ ամփոփումը և առկա իրավիճակի վերաբերյալ դիտարկումներս կներկայացնեմ ասուլիսով, որը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ ԱԺ նիստերի փոքր դահլիճում, որը ուղիղ եթերով կհեռարձակվի Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջով ու յութուբյան ալիքով: Արցախում չգտնվող լրագրողները կարող են իրենց հարցերը նախապես նամակով ուղարկել ֆեյսբուքյան էջին՝ մինչև դեկտեմբերի 23-ի ժամը 9:00-ը:
Մանրամասները՝ ասուլիսում, իսկ այժմ կուզեի երախտագիտությունս հայտնել յուրաքանչյուր անձի ու ինստիտուտի, ում հետ անցել եմ այս պատվաբեր ծառայության ճամփան, ով ամենափոքր չափով նպաստել է իմ պարտականությունների իրականացմանն ու իմ ներուժի իրացմանը: Այդ շարքում, բնականաբար, մեծագույն շնորհակալությունս ուղղում եմ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, մի չերևացող կուռ ու փոքրիկ թիմ, առանց որի սրտացավ աշխատանքի՝ պարզապես ոչինչ չէր ստացվի: Ես աներկբայորեն արձանագրում եմ, որ նրանց շնորհիվ Պաշտպանի հաստատությունը անցել է կայացման նշանակալի ճանապարհ:
Ի լրումն խաղաղ օրերի աշխատանքների՝ չեմ կարող չառանձնացնել այն անձանց, ում հետ միասին անցանք ողջ պատերազմը, ում աշխատանքներն էին դառնում զեկույցներ ու հայտարարություններ, ովքեր քանիցս մազապուրծ փրկվեցին մահվանից իրենց բարոյական ու աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում.
Նախ՝ մեր փոքր թիմից՝
Իգոր Հայրապետյանը ողջ պատերազմի ընթացքում կանգնած էր Հայրենիքի պաշտպանության առաջնագծում, իսկ դեպարտամենտի ղեկավար
Արսեն Սարգսյանի, գործադիր քարտուղար (աշխատակազմի ղեկավար)
Գեղամ Ստեփանյանի, ներգրավված փորձագետ
Գուրգեն Ներսիսյանի հետ միասին թիկունքում կատարում էինք մեր փաստահավաք գործունեությունը և միևնույն ժամանակ տարբեր տիպի աջակցություն ցուցաբերում խնդիրների բախվող անձանց, իսկ աղջիկներն աջակցում էին տեղահանվածներին և մի շարք այլ գործառույթներ կատարում Երևանում:
Անշուշտ, շնորհակալ եմ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ու իր թիմին մեր աննախադեպ համագործակցության համար, որի շնորհիվ կարողացել ենք լրջագույն արդյունքներ արձանագրել:
Շնորհակալ եմ նաև բոլոր անհատական ու ինստիտուցիոնալ աջակիցներին, ինձ վստահող քաղաքացիներին, ովքեր ինձ հետ միասին հավատացել են մեր նպատակներին ու ջանքերին:










