ԿԿարմեն Ղուկասյան

Նպատակը հստակ է՝ ապրեցնել Արցախը. Մանե Թանդիլյան

Նպատակը հստակ է՝ ապրեցնել Արցախը. Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.

 «Հարգելի՛ հայրենակիցներ,

Մեզ պարտադրված ծանր փորձությունը փոխեց բոլորիս կյանքն ու կենսակերպը: Դաժան պատերազմի հետևանքները վերացնելու գործընթացում ներդրում ունենալու, արցախցիներին իմ կարողությունների չափով օգտակար լինելու համար ստանձնել եմ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնը։

 

Նպատակը հստակ է՝ ապրեցնել Արցախը։

 

Պատերազմից հետո, ամենադժվար և ծանր ժամանակահատվածում ինձ է վստահվել ղեկավարել բարդ, միևնույն ժամանակ հետաքրքիր և բազմաշերտ ոլորտներից մեկը։
 

Վստահաբար գիտակցում եմ, թե ինչպիսի պարտավորեցնող աշխատանք է վերապահված, թե ինչ լրջագույն ու ծայրահեղ դժվար ճանապարհ ունենք անցնելու, որի համար մեծ ջանք ու ներդրում է պահանջվում։

 

Հստակ է մեկ սկզբունք՝ մեծ պատասխանատվությամբ և արժանապատվորեն հաղթահարել խորդուբորդ ճանապարհները։ Միանշանակ, ապահով երկրի երաշխիքը բարեկեցիկ և առողջ հասարակություն ունենալն է։ Սա կայացման բարդ, բայց իրական ճանապարհն է։

 

Ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները մարտահրավեր են, և թեև նախարարության գործունեության դաշտն ընդգրկուն է և առնչվում է մեր հայրենակիցների կենսական խնդիրներին, ինձ համար սոցիալական ոլորտի ցանկացած շահառու հանդիսանում է անհատ՝ իր բարեկեցության և երջանկության ակնկալիքով: Յուրաքանչյուր քայլի, յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում մարդն է՝ որպես բարձրագույն արժեք:

 

Հետևաբար, վերապահված առաքելությունը պատրաստակամ եմ առաջնորդել մեծ պատասխանատվությամբ՝ նպատակ ունենալով նպաստել ոլորտում փոփոխությունների իրականացմանը ի շահ Արցախում ապրող քաղաքացիների բարեկեցության։

 

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր հազարավոր տղաների արյամբ սրբացած այս հողի պահպանման և նույնչափ քաջարի՝ տուն դարձող մեր քաղաքացիների՝ սոցիալապես ապահով, պաշտպանված և անվտանգ կենցաղը հաջողելու գործում անելիք ունի յուրաքանչյուր գիտակից և կարող հայ։
 

Յուրաքանչյուր կորցրած տարին, ամիսը, օրը դառնում է անդառնալի՝ ապագայի մեր տեսլականի կայացման հարցում։ Մենք պետք է մեր ներկան վերափոխենք որպես ապագա կերտելու ճանապարհ՝ դադարելով ապրել անցյալի քննարկումներում և մեղավորների փնտրտուքում։ Հակառակ պարագայում մեր ամեն օրը դառնում է անցյալ՝ նորանոր խնդիրներով։

 

Պետք է անենք առավելագույնը մեր հայրենիքի և ապագա սերունդների համար։ Բոլոր խոսքերի փոխարեն՝ նախընտրելով գործով լծվել այդ առաքելությանը։

 

Ապրելու է Արցախը…»:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում