«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը։ Նախագիծը կազմակերպել են լեհական Róbmy swoje dla kultury Foundation-ը և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ։ Ծրագիրը համաֆինանսավորել են ԿԳՄՍ նախարարությունը և Ազգային ժառանգության մշակույթի տարածման հիմնադրամը:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 19։00 Դալան ցուցասրահում կանցկացվի «Լեհական մշակույթի օրերը Հայաստանում» ծրագրի և «Վարշավայի ճակատամարտը» ֆոտոցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը տրամադրել է Royal Łazienki Museum-ը։ Կցուցադրվի նաև Լեհաստանի պատմության թանգարանի տրամադրած «Համաշխարհային պատմության 18 ճակատամարտ» ֆիլմը։ Տեղի կունենա նաև Վլոջիմիեժ Սուլեյայի «Հայրենիքի նվիրյալը. Յոզեֆ Պիլսուդսկի» գրքի շնորհանդեսը։
Դեկտեմբերի 8-ին, ժամը 18:00 «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի Դարիուշ Գաժևսկու «Լեգիոններ» ֆիլմը։ Դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00 «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի Վլադիսլավ Պասիկովսկու «Սուրհանդակը» կինոնկարը։ Երկու ֆիլմերն էլ թարգմանված են հայերեն։
Նույն օրը ժամը 19:00 Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կկազմակերպվի լեհական դասական երաժշտության երեկո։
Մուտքը բոլոր միջոցառումներին ազատ է:










