Կրակոցները պակասել են

Կրակոցները պակասել են

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանային իրադրությանը, ասաց, որ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, իսկ կրակոցները վերջին շրջանում պակասել են: 

«Կրակոցներ կան, խախտումներ լինում են մեր հարևանների կողմից: Մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ փորձում են այնպես անել, որպեսզի լարվածություն չլինի։

Պատասխանելով հարցին, թե արդյոք իրավիճակը կարելի է համարել հանգստություն փոթորկից առաջ, Սեյրան Օհանյանն ասաց, որ հայկական զինուժը միշտ էլ պատրաստ է դիմագրավել ցանկացած գործողության։

«Զինված ուժերի գործողությունների մեջ միշտ էլ մեր գործողությունները փոթորկի նման են: Մենք միշտ պահում ենք զգոնությունը և պատրաստ ենք դիմագրավել փոթորկին»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարն անդրադարձավ նաև առաջնագծում տարվող աշխատանքներին։ Մասնավորապես, նրա խոսքով, հենակետերը տեսադիտարկման տեխնիկական սարքավորումներով զինելու ուղղությամբ կատարվող աշխատանքները սկսվել են դեռևս 2013-ի վերջին, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո այդ աշխատանքներն էլ ավելի են արագացվել: 

«Թող մեր ժողովրդի մոտ տպավորություն չստեղծվի, որ առաջնագծի կատարելագործման աշխատանքները տարվում են միայն քառօրյա մարտական գործողություններից հետո: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ պաշտպանական գիծն ինժեներական սարքավորումներով ամբողջ խորությամբ և ճակատով հագեցվածությունն ապահովում է ժամանակակից մարտական գործողությունների վարումը: Ուղղակի ինժեներական հագեցվածության ուղղությամբ աշխատանքները տարվել են այն տեղերում, որտեղ թեթևակի փոփոխություններ են եղել,- ասաց նախարար Սեյրան Օհանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում