Մնաս բարով, Ռիո, ողջո՛ւյն, Տոկիո. Ռեկորդներով հարուստ Օլիմպիական խաղերն ավարտվեցին

Մնաս բարով, Ռիո, ողջո՛ւյն, Տոկիո. Ռեկորդներով հարուստ Օլիմպիական խաղերն ավարտվեցին

Ռիո դե Ժանեյրոյում ավարտվեցին 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը, որոնց մասնակցում էր ռեկորդային քանակությամբ՝ 11,303 մարզիկ 207 երկրից (ներառյալ՝ փախստականների և անկախ օլիմպիականների հավաքականները): Խաղերին հեռուստատեսությամբ հետևել է մոլորակի բնակչության կեսից ավելին: Հայաստանում խաղերն ուղիղ հեռարձակմամբ ներկայացրեց Առաջին ալիքը, որը 16 օրվա ընթացքում շուրջ 200 ժամ տրամադրեց օլիմպիական իրադարձությունների լուսաբանմանը:

Մասնակիցների ավելի քան 45 տոկոսը կանայք էին: Օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ մասնակիցը Նեպալը ներկայացնող 13-ամյա լողորդուհի Գաուրիկա Սինկհն էր, ամենատարեց մեդալակիրը՝ ձիասպորտի թռիչք մրցաձևում ոսկե մեդալ նվաճած բրիտանացի Նիկ Սքելթոնը, որի 59-ամյակը կլրանա դեկտեմբերին:

Ռեկորդային էր նաև խաղարկված մեդալների քանակը՝ 307 մեդալների հավաքածու: 86 երկիր կարողացավ այս խաղերին մեդալ վաստակել այդ թվում՝ Հայաստանը: Մեր օլիմպիականները անկախությունից ի վեր ամենահաջող մասնակցությունն ունեցան: 20-ամյա դադարից հետո հունահռոմեական ոճի մեր ըմբիշ, 98 կիլոգրամ քաշային Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական խաղերի չեմպիոն: Ոսկուն հավասար արծաթ նվաճեց մեր մյուս ըմբիշը՝ Միհրան Հարությունյանը, որի չեմպիոնական տիտղոսը կողմնակալ մրցավարության պատճառով բաժին հասավ մեկ այլ մարզիկի: Օլիմպիական խաղերում արծաթե մեդալների արժանացան ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը:

31-րդ օլիմպիական խաղերն ավարտվեցին Երևանի ժամանակով այսօր լուսաբացին՝ ճոխ հրավառությամբ: Չորս տարի անց օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում