Կարեն Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել ծառայության ամբողջ անձնակազմին պատերազմի ամբողջ ընթացքում թիկունքում կատարած ահռելի ու չափազանց կարևոր աշխատանքի համար, ընդգծել, որ դժվար ժամանակներում այս ամենը հաջողել են միասին՝ համընդհանուր համերաշխության շնորհիվ:
«Պատերազմի ընթացքում ծառայությունը մարդկային 4 կորուստ ունեցավ, նրանց անունները միշտ վառ կմնան մեր հուշերում: Մեր ծառայության անմահացած հերոսները ցուցաբերած բացառիկ արիության, կյանքի գնով կյանք փրկելու պատրաստակամության և դրսևորած սխրագործություններով ցույց տվեցին իսկական փրկարարի լավագույն օրինակը»- նշել է Կ. Սարգսյանը, միաժամանակ առողջություն մաղթել վիրավորում ստացած փրկարար ծառայողներին:
Պատերազմական գործողությունների ընթացքում իրենց պատասխանատվությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողներ կներկայացվեն պարգևատրման:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Հադրութի, Շուշիի, Շահումյանի և Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների ծառայողների հետագա անելիքները: Կարեն Սարգսյանը նշել է, որ ոչ ոք առանց աշխատանքի չի մնալու:










