Իվետա Մուկուչյանը հանդիպել է Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Իվետա Մուկուչյանը հանդիպել է Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն ու ողջ հայկական պատվիրակությունը Ստոկհոլմում հանդիպում են ունեցել Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 

Հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում: Իվետա Մուկուչյանը ներկայացրել է մրցույթի նախապատրաստական ընթացքը, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին, ինչպես նաև դաշնամուրային նվագակցությամբ կատարել “LoveWave” մրցութային երգը: 

Իվետա Մուկուչյանն ընդգծել է, որ հանգամանքների բերումով գիտի, թե ինչ է նշանակում հայրենիքից հեռու ապրելը և թե ինչ է նշանակում հայրենիքի սահմաններից հեռու որևէ հայի տեսնելը: «Անչափ շնորհակալ եմ նման ջերմ ընդունելություն կազմակերպելու համար: Հավատացեք, Ձեր յուրաքանչյուր խոսքն ու փոխանցած դրական էներգիան ինձ հետ բեմ եմ բարձրացնելու»,- նշել է հայաստանյան պատվիրակը:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով` Սփյուռքի մեր հայրենակիցները միշտ հայ մասնակիցների կողքին են և միշտ սատարում ու օժանդակում են նրանց թե՛ իրենց բարեմաղթանքներով, թե՛ խոսքերով, թե՛ քվեարկություններով:  «Մրցույթն իսկապես լավ առիթ է Հայաստանի անունը հնչեցնելու ավելի քան 40 երկրներում` շուրջ 200 մլն հեռուստադիտողի համար: Սա լավ հնարավորություն է համախմբվելու և ցույց տալու հայի միասնական ուժը»,- նշել է Գոհար Գասպարյանը:

Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց հիացմունքի խոսքն են հղել Իվետա Մուկուչյանին և պատրաստակամություն հայտնել յուրաքանչյուր հարցում սատարել հայկական պատվիրակությանը: «Իվետա ջան, մենք քեզ հետ ենք»,- միաբերան փաստել են մեր հայրենակիցները:    

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակությունը ժամանել է Ստոկհոլմ, որտեղ անցկացվում են մրցույթի մասնակիցների փորձերը, տարբեր հանդիպումներ կազմակերպիչների, միջազգային մամուլի ներկայացուցիչների հետ:

Մայիսի 2-ին կայացել է Իվետա Մուկուչյանի մրցութային առաջին փորձը, որը ԶԼՄ ներկայացուցիչների քվեարկությամբ  առաջին օրվա ելույթներից լավագույնն է ճանաչվել:

«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` 7-րդ համարի ներքո:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում