55 տարի հեռուստատեսությունում

55 տարի հեռուստատեսությունում

Հեռուստատեսության ճանապարհը նրան ցույց տվեց Անդրեյ Տարկովսկին: Այն ժամանակ ո՛չ Տարկովսկին էր հայտնի, ո՛չ էլ ինքն էր երազում կինոյի կամ հեռուստատեսության մասին: Իր գործը ջութակներ նորոգելն էր, իսկ Տարկովսկին դիպլոմային աշխատանքով էր զբաղված՝ երևանյան  տեսարաններ էր նկարահանում: Էպիզոդիկ դերի համար սլավոնական արտաքինով  երիտասարդ էր պետք: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեց Արտյոմ Մխիթարյանը: Անցորդների բազմությունից հենց նրան ընտրեցին: Սկզբում մասսայական տեսարանում նկարահանվեց, հետո կինոտեխնիկայով տարվեց, փրկեց Տարկովսկու կինոխցիկը վայր ընկնելուց… Այդպես էլ ապրեց տեսախցիկի հետ ու ապրում է հեռուստատեսությամբ արդեն 55 տարի:

Երևանի մետրոպոլիտենի, Արփա - Սևանի բացում, Էրեբունի-Երևանի տոնակատարություններ և բազմաթիվ հին ու բարի միջոցառումներ հայաստանցիների հուշերում հենց նրա շնորհիվ են տպավորվել: Արդեն կես դարից ավելի ռեժիսոր Արտյոմ Մխիթարյանի ամեն օրը սկսում է Հանրային հեռուստատեսությունից: Այսօր էլ «Առաջին լրատվական» ծառայության արխիվում առաջին օրվա եռանդով շարունակում է իրականացնել  ռեժիսորի՝ իր պարտականությունները: Կրտսեր գործընկերների համար հիշողությունների յուրօրինակ մի մատյան է. «Արտյոմը կհիշի...Արտյոմը կիմանա...» ասում են գործընկերները, երբ գործը հասնում է մի կարևոր իրադարձության մանրամասներ վերհիշելուն:

«Հեռուստատեսությունը մարդիկ են: Հեռուստատեսությունը հետաքրքիր է այն մարդկանցով, ովքեր աշխատել և աշխատում են այնտեղ, ովքեր հիմնադրել են այն»,- սա է Արտյոմ Մխիթարյանի հեռուստատեսությունը: Հեռուստատեսություն բառի հոմանիշը նրա համար անուններն են, հերթով թվարկում է այն մարդկանց, ում հետ աշխատել է և ում շնորհիվ նաև այսօր ունենք Հանրային հեռուստատեսությունը:

Սկզբում ռեժիսորի օգնական էր, հետո՝ օպերատոր, ապա ռեժիսոր: Տարիներ անց, 3 անգամ կարճատև դադարներով, Հանրայինի լուրերի բաժնի գլխավոր ռեժիսորի պաշտոնն է զբաղեցրել:

Այսօր էլ նա է տիրապետում «Առաջին լրատվականի» ամբողջ արխիվային բազային:

Հանրայինի երիտասարդ աշխատակազմը հնարավորություն ունի հեռուստատեսության սև ու սպիտակից գունավորի անցում կատարած մարդուց  լսել իրական ու հետաքրքիր հիշողություններ՝ հեռուստատեսության պատմության մասին:

Աշխատանքային առօրյայում գործընկերները գուցե հաճախ առիթ չեն ունենում ասելու, թե որքան թանկ է նրա փորձը, հիշողությունների շտեմարանն ու նրա պատրաստակամությունը այդ ամենը փոխանցելու երիտասարդ գործընկերներին:

Այսօր օգտագործում ենք այդ առիթը, շնորհավորում  նրան աշխատանքային գործունեության հոբելյանական 55 ամյակի առիթով և ասում՝  շնորհակալություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում