ԼԼիլիթ Սեդրակյան

«Ատելությունը մեզանում» վավերագրականը կներկայացվի 47-րդ «Դեյթայմ Էմմի» մրցանակաբաշխությանը

«Ատելությունը մեզանում» վավերագրականը կներկայացվի 47-րդ «Դեյթայմ Էմմի» մրցանակաբաշխությանը

Academy Films հայկական ընկերության հաղորդմամբ՝ Popstar! TV առցանց հեռուստաընկերության և Associated Television International ըկերության «Ատելությունը մեզանում» (Hate Among Us) վավերագրականը կներկայացվի 47-րդ «Դեյթայմ Էմմի» մրցանակաբաշխությանը (Daytime Emmy Awards) երկու անվանակարգում` «Ակնառու հեռուստաֆիլմ» և «Հեռուստաֆիլմի ակնառու ռեժիսուրա»։ 

Վավերագրականը լույս է սփռում մեր օրերում աշխարհում տարածում ունեցող հակասեմիտիզմի թեմայի վրա։ 

Ֆիլմի պրոդյուսերներն են Դեյվիդ ՄկՔենզին, Մոնթել Ուիլյամսը, Դին Քեյնը, Սերգեյ Սարկիսովը և Լորա ՄկՔենզին։ Ռեժիսորը Դեյվիդ ՄկՔենզին է։ 

Ֆիլմին անդրադարձել է նաև Forbes ամսագիրը։ Հեղինակը նշում է, որ մրցանակաբաշխության գրեթե կեսդարյա պատմության մեջ «Դեյթայմ Էմմիին» առաջին անգամ ներկայացվում է Հայաստանի քաղաքացի պրոդյուսերի ֆիլմ (Սերգեյ Սարկիսով)։ 

47-րդ «Դեյթայմ Էմմին» ստացել է ավելի քան 2,700 հայտ, ընտրությունը կատարել է հեռուստատեսության բնագավառի 1,000 ականավոր մասնագետից կազմված ժյուրին։ 

«Ատելությունը մեզանում» վավերագրականում հեղինակները ուշադրություն են հրավիրում այն փաստերին, որոնք ցուցադրում են, թե ինչպես է նորացված անհանդուրժողականությունը արմատավորվում ԱՄՆ-ի համայնքներում, հիմնարկներում և համալսարաններում և ինչպես է այն անդրադառնում ամբողջ աշխարհի վրա։ 

Պրոդյուսերական այս խումբը հեղինակել է նաև «Ժխտման ճարտարապետները» վավերագրականը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության թեմային։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունցել Հայաստանում 2018 թ․։ 

«Բարեբախտաբար, մենք հնարավորություն ունենք վավերագրական կինոյում անդրադառնալու թեմաների և պատմությունների, որոնք կարող են դրական փոփոխություններ խթանել աշխարհում։  Մենք մտադիր չենք կանգ առնել, քանի դեռ անհրաժեշտ փոփոխությունները տեղի չեն ունեցել: Հրեական համայնքի դեմ ուղղված այս շարունակական ատելությունը իռացիոնալ է, վտանգավոր է, տագնապալի է, այն աճում է, և այն պետք է դադարեցնել այստեղ և հիմա: Մենք շնորհակալ ենք, որ մարդիկ դիտում են այս ֆիլմը, և պատիվ ենք համարում «Դեյթայմ Էմմիի» ժյուրիի ուշադրությանն արժանանալը»,- ասել է Դեյվիդ ՄկՔենզին:

«Ես վստահ եմ, որ «Ատելությունը մեզանում» ֆիլմը նպաստում է այն ընկալմանը, որ ազգային, ռասայական կամ կրոնական ցանկացած ատելություն շարունակում է իրական վտանգ հանդիսանալ, և յուրաքանչյուր մարդ, այդ թվում՝ ամբողջ մարդկությունը, կարող է լինել թիրախ»,- ասել է Սերգեյ Սարկիսովը։ 

Այս տարվա  «Դեյթայմ Էմմի» մրցանակաբաշխության (Daytime Emmy Awards) կարճ ցուցակում են ընդգրկվել նաև ԱՄՆ շուկայի համար Հայաստանում նկարահանված երկու սերիալ՝ «Մահվան ջոկատ» և «Չարիքի հպումը»։ Սերիալները Associated Television International (ԱՄՆ), Blitz Films (Ռուսաստան) և Academy Films (Հայաստան) ընկերությունների համարտադրությունն են։  

«Դեյթայմ Էմմի» մրցանակաբաշխությունն այս տարի կանցկացվի առցանց հունիսի 26-ին։ 

Ֆիլմի թրեյլերը կարող եք դիտել այստեղ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում