ՌՌոզա Խաչատրյան

Հայ արձակի ալպիական մանուշակը. Բակունցը՝ 121 տարեկան

Հայ արձակի ալպիական մանուշակը. Բակունցը՝ 121 տարեկան

Նրա գրական կյանքը հազիվ մի տասնամյակ տևեց, բայց չկրկնող իր գույնով ու ձեռագրով նա մնաց հայ արձակի պատմության մեջ:

Ակսել (Ալեքսանդր) Բակունցը ծնվել է 1899 թվականին Գորիսում: Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի՝ ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բյոռնստեռնե Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։

Ծխական դպրոցն ավարտելուց հետո՝ 1910 թվականին, ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որն ավարտելուց հետո որպես ուսուցիչ աշխատանքի է անցել Զանգեզուրի Լոր գյուղում:

Գիտելիքները խորացնելու ցանկությունը Բակունցին տանում է Խարկով: 1923 թվականին նա ավարտում է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադառնում ու աշխատանքի է անցնում իր հարենի լեռնաշխարհում՝ Զանգեզուրում որպես գյուղատնտես՝ այդ տարիներին Երևանի և Թիֆլիսի թերթերում ու ամսագրերում տպագրելով պատմվածքներ, ակնարկներ և զրույցներ: 

Մի զրույցում, դիմելով հանրահռչակ նկարիչ Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանն ասել է. «Կոմիտասի երգերի և քո գույների մասին խոսում են որպես բառերով անթարգմանելի հրաշքների մասին: Բայց դա այնքան էլ ճիշտ չէ: Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով և փայլատակում են քո կտավների գույներով: Դա Ակսել Բակունցն է»:

1924 թվականին լույս է տեսնում Բակունցի «Գավառական նամականին», որը անմիջապես գրավում է հասարակության ուշադրությունը, իսկ «Մեր գյուղերում», «Նամակներ գյուղից» ակնարկաշարերը նոր լույս են սփռում նրա անսպառ եռանդի ու էության բացահայտմանը: Խոսուն ակնարկաշարերի կողքին տպագրվում են նրա «Միրհավ», «Սաբու» և «Ալպիական մանուշակ» պատմվածքները:

«....Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն: Քարի մոտ է բուսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ: Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին: Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան....»

1927 թվականը վճռորոշ եղավ Բակունցի համար. նա ընթերցող հասարակության սեղանին դրեց «Մթնաձոր» ժողովածուն, որն արժանացավ ընթերցողների ջերմ ընդունելությանը:  

Բակունցը գրել է նաև գավառական քաղաքի կյանքն ու կենցաղը պատկերող «Կյորես» երգիծական վիպակը, «Խաչատուր Աբովյան», «Կարմրաքար» անավարտ վեպերը, կինոսցենարներ, բանասիրական աշխատություններ: Նա թարգմանել է Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբան», աշխարհաբարի վերածել «Աղվեսագիրք» հավաքածուն:

Բակունցի սցենարներով «Հայֆիլմում» նկարահանվել են «Սև թևի տակ» (1930 թ.), «Արևի զավակը» (1933 թ.), «Զանգեզուր» (1938 թ.), իսկ նրա մի քանի պատմվածքների հիման վրա՝ «Լուսաբացից առաջ» (1961 թ.) և «Այս կանաչ, կարմիր աշխարհը» (1975 թ.) կինոնկարները: 

Բակունցի անունով են կոչվել փողոցներ և դպրոցներ Երևանում ու հանրապետության այլ քաղաքներում, մանկավարժական քոլեջ` Երևանում, 1970 թ.-ից Գորիսում գործում է  նրա տուն-թանգարանը:

Դեռևս 30-ական թվականներից այլախոհի պիտակի տակ էին առել շատերի հետ նաև Բակունցին: Գրական հակառակորդների կողմից ծայր էին առել բամբասանքն ու բանսարկությունը, ինչպես ինքն էր գրում՝ զրպարտվում էր «մահացու բոլոր մեղքերի մեջ»:

Քաղաքական ծանրագույն մեղադրանքներ են բարդվում Բակունցի հասցեին, և 1936-ի օգոստոսի 9-ին շատերի հետ նաև ձերբակալում են նրան: Նույնն էր մեղադրանքը՝ «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն»:

Բանտային խիստ պայմաններում 11 ամիս անընդմեջ Բակունցին ենթարկում են կտտանքների: Նրա ինքնարդարացման ճիգերն ապարդյուն են անցնում, իսկ հուզիչ նամակները՝ մնում անպատասխան: Նամակներից մեկում այսպես է ներկայացնում իր հոգեվիճակը.

«Ծա՜նր է, շա՜տ ծանր... Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչև հիշողությունդ փուլ է գալիս, և չգիտես՝ գիշե՞ր է, թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռների ետևում... Երբ ես հարցնում եմ, թե ի՞նչ է լինելու հետո, հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս... Ի՞նչ է լինելու ինձ հետ... Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը... Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք...»

Բակունցի սփոփած հույսերն ապարդյուն են անցնում: Նրան ոչ թե աքսոր, այլ 25 րոպեանոց դատական նիստից հետո դատապարտում են պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության:

«Լիրիկ էր ոչ միայն իր գրքերում, այլև կյանքում: Մոլորություններ չուներ, եթե չհաշվենք ծխախոտը... Ամենամեծ «անկարգությունը», որ նա կարող էր թույլ տալ, դա այն էր, որ փողոցում կկռանար, կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր.   

- Ոչ մի հողն այսպես չի բուրում, չէ~...

Ես հաճախ ուշ գիշերներին անցնում էի այն տան մոտով, ուր ապրում և ստեղծագործում էր մեծ, անկրկնելի, եղերական Ակսել Բակունցը: Նա հիմա լեգենդ է, երգ ու էլեգիա, ու փողոցից այլևս չես տեսնի նրան իր համեստ, փոքրիկ սենյակում` նստած իր գրասեղանի մոտ գրելիս կամ կարդալիս... Ես վերջին անգամ նրան տեսա, երբ նա երեսունյոթ տարեկան էր, և այդպես էլ մնաց իմ հուշերում...» (Գուրգեն Մահարի)

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում